Մայր աթոռը դիմել է ՀՀ Ազգային ժողովի խմբակցություններին՝ առաջարկելով Ամանորի ու Սուրբ Ծննդյան տոների ոչ աշխատանքային օրեր պահպանել նաեւ հունվարի 5-ը` որպես Սուրբ Ծննդյան Ճրագալույցի տոնական օր, եւ հունվարի 7-ը` որպես Մեռելոց հիշատակի օր։
Մայր աթոռն ընդգծել է, որ հունվարի 7-ը՝ որպես Մեռելոց հիշատակի օր, անհրաժեշտ է ոչ աշխատանքային պահպանել, հատկապես, երբ Արցախյան պատերազմի զոհերի ցավը դեռ մորմոքում է մեր ժողովրդի սրտում։
«Հատկանշական է, որ շատ երկրներում (որոնց թվում են Ավստրիան, Ֆրանսիան, Գերմանիան, Ռումինիան, Լեհաստանը, Լիտվան եւ հարեւան Վրաստանը) պետական ոչ աշխատանքային օրերի գերակշռող մասը (60-80%) եկեղեցական տոներ են։ Մինչդեռ քրիստոնեությունն իբրեւ պետական կրոն առաջինն ընդունած Հայաստանում տոների միայն 19%-ն է եկեղեցական»,- նշված է Մայր աթոռի հաղորդագրության մեջ։
Մայր աթոռը լիահույս է, որ ԱԺ-ում նկատի կունենան իրենց առաջարկները։
Մայր աթոռի տեղեկատվական համակարգը հայտնել է, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդի նախագահությամբ Մայր աթոռում գումարվել է հայաստանյան եպիսկոպոսների եւ թեմակալ առաջնորդների ժողով, որի ընթացքում էլ, ի թիվս այլ կարեւոր հարցերի, քննարկվել է այս խնդիրը։
Ըստ հաղորդագրության՝ Մայր աթոռի ժողովում քննարկվել են նաեւ 44-օրյա պատերազմի հետեւանքների հաղթահարման ուղղությամբ Հայ առաքելական եկեղեցու գործունեությունը, ռազմագերիների վերադարձի, անհայտ կորածների հայտնաբերման, զոհվածների աճյունների նույնականացման եւ հուղարկավորությանն առնչվող հարցերը:
ՀՀ Ազգային ժողովի՝ հոկտեմբերի 27-ին առաջին ընթերցմամբ ընդունած օրինագծով քաղաքացիները կհանգստանան միայն դեկտեմբերի 3-ին, հունվարի 1-ին, 2-ին եւ Սուրբ Ծննդյան տոնին` հունվարի 6-ին։ Մյուս բոլոր օրերը կլինեն աշխատանքային։