ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտնել է, որ Սիսիան-Քաջարան եւ Քաջարան-Ագարակ հատվածներում նախատեսվում է 2 թունելների, 14 մեծ կամուրջների եւ բազմակիլոմետրանոց ճանապարհների կառուցում: Նա նշել է, որ արդեն գործարկվել է այդ տեղամասում շինարարական աշխատանքներ սկսելու մրցույթը։
Պապիկյանը շեշտել է, որ թունելների երկարությունը կլինի աննախադեպ, կկազմի 9 կմ: «Այսինքն` մենք կմտնենք Սիսիան եւ 2 թունելով կհայտնվենք Քաջարանում»,- նշել է նա:
Պապիկյանն անդրադարձել է նաեւ Կապանը եւ Տաթեւը (Տաթեւ-Աղվան) կապող Մ2 շրջանցիկ ճանապարհի կառուցմանը: Փոխվարչապետը հայտնել է, որ աշխատանքների զգալի մասն ավարտվել է (43 կմ ճանապարհ): Այս փուլում ընթանում է Վերին Խոտանան գյուղում մինչեւ 1 կմ երկարությամբ փոքր հատվածի շինարարությունը։ «Դա մեզ թույլ կտա Կապանից առանց խոչընդոտների տեղաշարժվել դեպի Մ2՝ Երեւանի ուղղությամբ»,- ասել է Պապիկյանը:
Փոխվարչապետը նշել է, որ ձմռան շրջանում Տաթեւի ոլորանների հատվածում ոչ մեծ խոչընդոտներ կլինեն մեծ բեռնատարների համար։ «Բայց մենք փորձում ենք դա էլ կարգավորել»,- վստահեցրել է նա:
Պապիկյանը նաեւ հայտարարել է Տաթեւ-Լծեն 18 կիլոմետրանոց հատվածի շինարարական աշխատանքների մեկնարկի մասին, որը Մ2-ին կկապի Տաթեւի ոլորանները:
Բացի դրանից, ըստ փոխվարչապետի, հանրապետությունում 500 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհների կառուցման ընթացիկ ծրագրեր կան: