Հայաստանը հոկտեմբերի 29-ից դասվել է շատ բարձր ռիսկի գոտու երկրների շարքում։
Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունը հայտնել է, որ դրա հետ կապված՝ Հայաստանից Նիդերլանդներ մեկնելու նոր կանոններ են սահմանվել։ Որոշ մարդկանց համար կգործի եվրոպական մուտքի արգելք, որը կխոչընդոտի Եվրամիություն կամ Շենգեն գոտու տարածք նրանց մեկնելուն։
Նիդերլանդներ մուտքը թույլատրվում է, եթե ուղեւորության նպատակը համապատասխանում է բացառություն համարվող չափանիշներին: Նիդերլանդներ մուտք գործելիս այցելուն պետք է. ինքնամեկուսանա, եթե պատվաստված չէ, տրամադրի բացասական ՔՈՎԻԴ-19 թեստի արդյունք, անգամ եթե պատվաստված է, լրացնի առողջության հայտարարագիր։
Պատվաստումը պարտադրելը ցանկալի չէ
Վրաստանում հոկտեմբերի 30-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 4610 նոր դեպք: Ըստ Վրաստանի կառավարության stopcov.ge կայքի՝ ընդհանուր դեպքերի քանակը երկրում 715 հազար 865 է: Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է 2624 բուժառու: Երկրում վարակից մահացել է 42 մարդ, ընդհանուր մահերի թիվը 10003 է:
Վրաստանում կորոնավիրուսի տարածման 5-րդ ալիքն է, երկրում ամբողջությամբ պատվաստված է բնակչության ավելի քան 32%-ը։
Վրաստանի առողջապահության նախարար Եկատերինե Տիկարաձեն քաղաքացիներին եւս մեկ անգամ կոչ է արել պատվաստվելու եւ պահպանելու հակահամաճարակային կանոնները։
Առողջապահության նախարարը օրերս հայտարարել է, թե պատվաստումը պարտադրելը շատ ավելի բացասական արդյունք կունենա։ Նա նշել է, որ Վրաստանը սկսել է պատվաստումը խրախուսող մարաթոնը։ Առաջին փուլի համար ընտրվել է 50 գյուղ, որտեղ ապրում է ավելի քան 3000 քաղաքացի։ Հաջորդ փուլը լինելու է համեմատաբար փոքր գյուղերում։
«Բացի մարաթոնից, կարեւոր է նաեւ 60 տարեկանից բարձր քաղաքացիների պատվաստումը։ Հենց նրանց է սպառնում վարակվելու ամենամեծ վտանգը, ինչպես նաեւ հոսպիտալացման, եւ ապա մահվան ելքով վարակվելու ամենաբարձր ռիսկը»,- ասել է նա։
Վրաստանի հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկղրելիձեն ավելի վաղ հայտարարել է, թե պարտադիր պատվաստման հարցը լուծում կստանա նոյեմբերին։
Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին էլ բացառել է պարտադիր պատվաստումները՝ նշելով, որ քաղաքացիներին ուղղակի պետք է համոզել։
Կարանտին մինչեւ 2022-ի հունվարի 1-ը
Ադրբեջանի կառավարության որոշմամբ՝ կորոնավիրուսի համավարակի կապակցությամբ սահմանված կարանտինի հատուկ ռեժիմը երկարաձգվում է մինչեւ 2022 թվականի հունվարի 1-ը:
Ադրբեջանում բնակվում է շուրջ 10 միլիոն 260 հազար մարդ, կորոնավիրուսով վարակվել է մոտ 525 հազար բնակիչ, մահացել է մոտ 7 հազար հիվանդ, այս պահին բուժում է ստանում 28 հազար 761 հիվանդ: