Գյումրու նորընտիր ավագանին նոյեմբերի 1-ին գումարելու է իր անդրանիկ նիստը, որի ընթացքում կընտրվի քաղաքապետը։ Երկուշաբթի օրվան, սակայն, սպասելու կարիք չեղավ. քաղաքապետի անունն արդեն հայտնի է, ընտրությունը՝ ձեւական։
Շաբաթ օրը գյումրեցի լրագրողների առցանց խմբում տեղեկություն տարածվեց, որ ժամեր անց համաձայնության հուշագիր է ստորագրվելու «Բալասանյան դաշինք» եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունների միջեւ։
Նորընտիր ավագանու կազմում տասնչորս մանդատ ունեցող «Բալասանյան դաշինք» եւ տասնմեկ մանդատ ստացած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունների կնքած համաձայնագրով Գյումրու քաղաքապետ է առաջադրվելու «Բալասանյան դաշինքի» ընտրական ցուցակի 1-ին համար Վարդգես Սամսոնյանը, իսկ փոխքաղաքապետները կլինեն իշխող ուժի թեկնածուները։
Համաձայնության հուշագիրը ստորագրեցին նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի մամուլի քարտուղար, «Բալասանյան դաշինքի» ցուցակի 14-րդ համար Սոնա Առաքելյանը եւ «Քաղաքացիական պայմանագրի» ցուցակի 5-րդ համար Քնարիկ Հարությունյանը։
Ըստ պայմանագրի՝ կողմերը պարտավորվում են կադրային քաղաքականությունն իրականացնել փոխհամաձայնեցված՝ ստանձնելով համատեղ պատասխանատվություն քաղաքի կառավարման համար։
Քաղաքապետի հարցում ամեն ինչ արդեն պարզ է, սակայն կուսակցությունների ներկայացուցիչները փոխքաղաքապետների անուններ չտվեցին, ասացին՝ սպասենք նոյեմբերի 1-ին։ Նշենք, որ իշխող ուժի Գյումրիում կրած պարտությունից հետո քաղաքապետի թեկնածու, Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը հրաժարվել էր մանդատից։ Այսպիսով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանու ցուցակի առաջատարը դարձել է ԱԺ պատգամավոր Նազելի Բաղդասարյանի եղբայրը՝ Արման Բաղդասարյանը։
Ի դեպ, երեկ պատգամավոր Նազելի Բաղդասարյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, քանի որ եկող շաբաթ փոխարինելու է Հովհաննես Հարությունյանին՝ նշանակվելով Շիրակի մարզպետ։
Մինչ այդ «Բալասանյան դաշինքի» կողմից հերքվում էին իշխող ուժի հետ համագործակցության բոլոր շրջանառվող լուրերը։
Լրագրողները հետաքրքրվեցին՝ արդյոք ավագանու առաջին նիստից առաջ իշխող ուժը ճնշումներ գործադրե՞լ է հուշագրի ստորագրման հարցում, Գյումրու ավագանու «Բալասանյան դաշինքի» անդամ Սոնա Առաքելյանը հերքեց՝ վստահեցնելով, որ երկու ուժերի համագործակցությունը քաղաքի կառավարման գործում տրամաբանական էր։
Իսկ իշխող ուժի ներկայացուցիչ Քնարիկ Հարությունյանը վստահեցրեց, որ երկու կողմերի ծրագրային դրույթները նման են, եւ էական հակասություններ չկան։
Ի դեպ, օրեր առաջ Ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալել էր Գյումրու քաղաքապետարանի բաժնի պետերի։ Մարզի իրավապահները հաստատել էին լուրի իսկությունը, խոստացել առաջիկայում հանդես գալ պաշտոնական հաղորդագրությամբ։
Քաղաքագետ Գագիկ Համբարյանն անընդունելի է համարում «Բալասանյան դաշինքի» համագործակցությունը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ․ «Համագործակցելու եք նրանց հետ, ովքեր իրենց տասնհինգօրյա քաղաքապետացուին հրահանգել էին շատ անմակարդակ եւ ցինիկ ձեւով ձերբազատվել Բալասանյանի կադրերից… Դրա՞նց հետ է համագործակցելու «Բալասանյան դաշինքը»…»։
Քաղաքում արդեն առկա է դժգոհության որոշակի ալիք, ասում են՝ կրկին խաբված են զգում։ Հաղթող կուսակցության գործելաոճը համարում են ընտրողների հանդեպ անազնիվ։ «Կոալիցիայի անունը հուշագիր են դրել, մարդկանց աչքերին թոզ են փչում»,- ասում են վրդովված գյումրեցիները։
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։