Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության եւ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) կազմակերպած տարվա ամենաթեժ DigiWeek-ն ամփոփվեց «ԴիջիԹեք էքսպո»-ով (DigiTec Expo) եւ «ԴիջիԹեք համաժողով»-ով (DigiTec Summit)։
DigiTec համաժողովի նպատակն է պանելային քննարկումների միջոցով ներկայացնել նորագույն տեխնոլոգիաների առանձնահատկությունները եւ դրանց արդյունավետությունը հատկապես ճգնաժամային իրավիճակներում։ Համաժողովի խոսնակների թվում էին տեղական եւ միջազգային մասնագետներ՝ ամերիկյան VMware ընկերության ինժեներական ծառայությունների փոխնախագահ Նիրագուտա Կոտան, Krips եւ 10web ընկերությունների համահիմնադիր Արտավազդ Մինասյանը, ամերիկյան Sada ընկերության տնօրեն Դան Բերգը:
«Դիջիթեք» համաժողովի իր ելույթում ԲՏԱ նախարար Վահագն Խաչատուրյանը կարեւորեց տեխնոլոգիական ոլորտի նման միջոցառումների անցկացումը, որը պետք է նպատակ ունենա խթանելու բարձր տեխնոլոգիական բնագավառի զարգացումն ու առաջխաղացումը։
«Մենք՝ որպես պետություն, կառավարության ներկայացուցիչներ, մեր խնդիրները որոշելու ենք ձեզ հետ հանդիպումների, քննարկումների արդյունքում։ Հասկանում ենք, որ մեր ամենամեծ պատասխանատվությունն այս բնագավառի ներկայացուցիչների համար պայմաններ ստեղծելն է, ենթակառուցվածքներ ապահովելն է։ Եվ մենք այդ խնդիրները փորձում ենք լուծել»,- ասաց նախարարը։
Մեկ տարվա դադարից հետո «ԴիջիԹեք» ցուցահանդեսում նորարարական լուծումներ են ներկայացնում եւ համագործակցության ուղիներ են փնտրում ավելի քան 100 ընկերություններ։ Ցուցահանդեսում ներկայացված են հետեւյալ բաժինները՝ կոմպլեքս ինժեներական լուծումներ, ՏՏ սարքավորումներ եւ համակարգեր, արհեստական բանականություն եւ մեքենայական ուսուցում, ծրագրային եւ վեբ լուծումներ, կիբերանվտանգություն, հեռահաղորդակցություն եւ ցանցային լուծումներ, բջջային տեխնոլոգիաներ եւ հավելվածներ, տեխնոլոգիական լուծումներ բիզնեսի համար, խաղային տեխնոլոգիաներ, դիզայն եւ անիմացիա։
Այս տարի ներկա են հայկական տեխնոլոգիական ընկերություններ, միջազգային ճանաչում ունեցող այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են PicsArt-ը, Volo-ն, Krisp-ը, CodeSignal-ը եւ մյուսները։ Քիչ չեն նաեւ ստարտափները։
«ԴիջիԹեքի» շրջանակում մեկ ամիս անվճար բաժանորդագրության հնարավորություն է ընձեռում Հայաստանում եւ ԱՊՀ-ում Skilsoft-ի պաշտոնական ներկայացուցչությունը։
Նախագծերի ղեկավար Մարիանա Մադոյանն ասում է, որ Skillsoft-ը կազմակերպությունների համար վերածվում է մի «ներքին համալսարանի», որի շնորհիվ աշխատակիցները նոր հմտություններ են ձեռք բերում եւ պատասխանում նոր մարտահրավերների։ Բրիտանական ծագում ունեցող կորպորատիվ կրթական հարթակում ներդրված են բիզնեսի, մարքեթինգի, տեղեկատվական տեխնոլոգիաների, արհեստական բանականության վերաբերյալ առցանց դասընթացներ, այդ թվում՝ 7000-ից ավելի կուրսեր, 65000-ից ավել վիդեոներ։
Արդեն կայացած ընկերությունների կողքին իրենց ստեղծած նորարարություններն են ներկայացնում «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների սաները։ Նրանց թվում է ապագա ինժեներ Ստեփանը, որին գրավում է հատկապես շարժումը, այն կառավարելու զգացողությունը։
«Մենք պատրաստել ենք երեք անօդաչու սարք եւ երկու ինքնաթիռ, որոնք հաղթող են ճանաչվել մրցույթում։ Մեկ տարի է, ինչ զբաղված ենք ավիացիոն տեխնիկայի ուսումնասիրությամբ եւ ցանկանում ենք նպաստել Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանն ու մեր երկրի հզորացմանը»,- ասում է Ստեփան Նալբանդյանը։
Ինչպե՞ս ստեղծել առցանց դպրոց, ինչպե՞ս մոնտաժել վիդեոդասերը կամ ինչպե՞ս ստեղծել սահիկաշարեր, նման հարցերի են պատասխանում Uteach Armenia-ի մասնագետները։
«Uteach հարթակը հնարավորություն է տալիս ցանկացած դասավանդողի կամ կազմակերպության, որը զբաղվում է դասավանդմամբ, ստեղծել կայք նորագույն գործիքներով։ Դրանք են, օրինակ, թեստեր գեներացնելը, թեստերի հիման վրա սերտիֆիկատներ ստանալը եւ այլն։ Այսինքն՝ հնարավորություն է տալիս մի քանի րոպեում հավաքելու ուսուցման սեփական կայքը։ Մենք իրականացրել ենք նաեւ վեբինարներ, որոնց միջոցով ծանոթացնում ենք առցանց աշխատանքային գործիքներին»,- ասում է Uteach Armenia-ի հիմնադիր Հրայր Շահբազյանը։
«ԴիջիԹեքը» նաեւ կարեւոր հարթակ է դառնում ոլորտի մասնագետների եւ երիտասարդների համար միջազգային շուկաներ դուրս գալու, փորձի փոխանակման եւ արեւմյան տեխնոլոգիական առանձնահատկություններին ծանոթանալու համար։
Ալմաստ Մուրադյան