Ուսումնական տարին «քննական» է մեկնարկել Հայաստանի հանրակրթական դպրոցների շուրջ 1000 ուսուցիչների համար: Նրանք մասնակցել են կամավոր ատեստավորմանը՝ հնարավորություն ստանալով բարձրացնելու սեփական աշխատավարձը: Սա ծրագրի փորձնական փուլն էր, հաջորդ 3-4 տարում էլ կլինեն նման քննություններ:
Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության (ԿԳՄՍՆ) հանրակրթության վարչության հանրակրթական եւ արտադպրոցական ծրագրերի մշակման եւ իրականացման բաժնի պետ Սուսաննա Ազատյանը «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում ասում է, որ այս փուլում կամավոր ատեստավորմանը մասնակցել են յոթ առարկաներ («Հայոց լեզու եւ գրականություն», «Հայոց պատմություն», «Հանրահաշիվ», «Երկրաչափություն», «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն» եւ «Աշխարհագրություն») դասավանդող ուսուցիչներ։ Մյուս տարի հնարավորություն կունենան մասնակցելու 5-12-րդ դասարանների բոլոր առարկաների ուսուցիչները:
Կամավոր ատեստավորման համար դիմել է 1372 ուսուցիչ, մասնակցել՝ 996-ը: Նրանց կեսից ավելին՝ 528-ը, չի հաղթահարել ատեստավորման շեմը: Ազատյանն ընդգծում է՝ այս փուլը փորձնական է, բացթողումներ, թերություններ եղել են, իսկ մասնակիցների կեսից ավելիի՝ սահմանվածից ցածր միավորներ ստանալը մի քանի հանգամանքով կարող է պայմանավորված լինել:
«Կարող էին պատճառ լինել թե՛ փորձնական փուլին բնորոշ տեխնիկական խնդիրները, թե՛, գուցե, ուսուցիչների գիտելիքները: Ամեն դեպքում մասնակիցները լարված էին, ինչը բնական է. ցանկացած քննություն լարում է։ Դա նույնպես կարող էր ազդել»,- ասում է նա:
Ատեստավորման շեմը չհաղթահարած ուսուցիչների մի մասը դժգոհել է, որ առաջադրանքները բարդ էին, կամ որ թեստն ավելի գիտականացված է եղել, մի մասի պնդմամբ էլ՝ թեստը լրացնելու համար նախատեսված ժամանակն է քիչ եղել: «Այս փորձառությունն առաջինն էր թե՛ ուսուցիչների, թե՛ թեստերը կազմողների համար: Նրանք առաջին անգամ էին այս նպատակով թեստ գրում»,- ասում է Ազատյանը:
Ի՞նչ է լինելու ատեստավորման շեմը չհաղթահարած ուսուցիչների հետ
Կամավոր ատեստավորումը, փաստորեն, նախաքննություն է, որովհետեւ համապատասխան շեմը չհաղթահարած ուսուցիչները հաջորդ տարի մասնակցելու են արդեն պարտադիր ատեստավորմանը՝ դրանից բխող հետեւանքներով:
Ըստ Ազատյանի՝ ուսուցչի մանկավարժական մոտեցումները շատ կարեւոր են, բայց նաեւ մասնագիտական որակի խնդիր կա: Ծրագրի արդյունավետությունը պարզ կլինի բողոքարկումների ավարտից հետո: Հիմնական խնդիրները տեսանելի են, բայց պետք է մանրամասն ուսումնասիրվեն դժգոհությունները, առաջարկները, գուցե որոշ դրույթներում շտկումներ, փոփոխություններ մտցվեն:
Կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանն այս ծրագիրը բարեփոխում չի որակում, քանի որ մասնակցային չի եղել, եւ ուսուցիչների տեսակետները պետք էր լսել ծրագիրը կազմելիս:
«Եթե գործընթացը մասնակցային լիներ, վստահաբար, գործն ավելի դրական ընթացք կունենար: Ոչ թե «վերեւից» տալ հրահանգ ու սպասել: Դրա հետեւանքն էլ տեսանելի եղավ՝ մի քանի տասնյակ հազար ուսուցչից 1000-ն էլ չմասնակցեց»,- ասում է Մխիթարյանը:
Այժմ, նրա կարծիքով, պետք է լսել ոչ միայն ատեստավորմանը մասնակցածների, այլեւ չմասնակցածների պատճառաբանությունը՝ ինչու չեն մասնակցել: Դա շատ հարցերի պատասխան կտա:
Ստուգելով ուսուցչի գիտելիքները տվյալ առարկայից՝ դժվար է ասել՝ արդյո՞ք նա ավելի լավ է աշխատելու, իր ունեցած գիտելիքներն ավելի լավ է փոխանցելու, որովհետեւ նրան՝ որպես ուսուցչի գնահատելու որեւէ մեխանիզմ չկա:
«Հնարավոր է՝ մարդը շատ գիտելիքներ ունենա, բոլոր առաջադրանքները կատարի, բայց չկարողանա դրանք սովորեցնել աշակերտներին։ Այս պարագայում աշխատավարձը բարձրացնելով որեւէ կերպ չենք երաշխավորում հանրակրթության բարձր որակը»,- ասում է Մխիթարյանը։
Նա հիմնականում հենց այդ հանգամանքով է պայմանավորում մասնակցած ուսուցիչների ցածր տոկոսը, բայց կարեւորում նաեւ հոգեբանական հանգամանքը:
«Բազմավաստակ, սերունդներ կրթած ուսուցիչներ կան, որոնց համար կարող է սթրեսային լինել թեստ հանձնելը, որ դրանով աշխատավարձ բարձրանա, կամ իրենց համարեն որակյալ ուսուցիչներ: Շատերն էլ խուսափում են թեստից, քննությունից, որովհետեւ դա հետագայում կարող է վատ անդրադառնալ իրենց հեղինակության վրա»,- ասում է կրթության փորձագետը:
Գիտելիքն, ինչ խոսք, անկարեւոր չէ։ Մխիթարյանն առաջարկում է ուսուցիչների համար պարբերաբար դասընթացներ, փորձի փոխանակումներ կազմակերպել, հետո միայն ստուգել: Առայժմ արվում է հակառակը։
Լրագրությունը որպես մասնագիտություն ընտրելիս հավատացած էի` այն կարող է աշխարհը փոխել: Հիմա մտածում եմ` գուցե աշխարհը փոխել չստացվի, բայց որոշ դեպքերում իրավիճակ փոխել հնարավոր է: