ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն Հռոմում G20-ի գագաթնաժողովի շրջանակում հանդիպմանը քննարկել են «3+3» տարածաշրջանային մեխանիզմի գործարկման հեռանկարները:
Արտգործնախարարներն անդրադարձել են երկու երկրների՝ Անդրկովկասում իրավիճակի հետագա կայունացմանն ուղղված ջանքերի համակարգմանը։
Ըստ ՌԴ ԱԳՆ-ի՝ զրուցակիցները մտքեր են փոխանակել «3+3» տարածաշրջանային մեխանիզմի գործարկման հեռանկարների շուրջ՝ տնտեսական եւ տրանսպորտային կապերը ապաշրջափակելու եւ Հարավային Կովկասում փոխշահավետ ենթակառուցվածքային նախագծերը խթանելու նպատակով։
Հարավային Կովկասում քաղաքական երկխոսության նոր ձեւաչափ ստեղծելու Թուրքիայի եւ Ռուսաստանի նախաձեռնության՝ «3+3» հարթակի մասին խոսվում է շուրջ մեկ տարի, թեեւ հարթակի գործառույթները չեն հստակեցվում։
«3+3» հարթակի նախաձեռնության մասին G20-ի գագաթնաժողովում խոսել է նաեւ Թուրքիայի նախագահը։ Նա հայտարարել է, թե Ադրբեջանի նախագահը Հայաստանին խաղաղություն է առաջարկել, եւ Հարավային Կովկասում մշտական խաղաղություն կարելի է հաստատել՝ գործարկելով «3+3» մեխանիզմը։
Էրդողանն ընդգծել է, թե մշտական խաղաղությունը Հարավային Կովկասում այն հարցն է, որին Անկարան հատուկ ուշադրություն է դարձնում։ «Ադրբեջանը, Թուրքիան, Ռուսաստանը, Իրանը, Վրաստանն ու Հայաստանը կարող են համատեղ քայլ անել եւ վերականգնել խաղաղությունը տարածաշրջանում: Մենք պետք է շարունակենք աշխատել այդ ուղղությամբ։ Եթե բոլոր վեց երկրները դրական տրամադրվեն, այդ հարթակը կստեղծվի, եւ տարածաշրջանում խաղաղություն կհաստատվի»,- հայտարարել է Թուրքիայի նախագահը։
Էրդողանը պնդել է, թե վեց երկրներից Վրաստանը բացասական վերաբերմունք ունի Անկարայի նախաձեռնած «3+3» հարթակի գաղափարին։
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ավելի վաղ հայտարարել է, թե տարածաշրջանի չորս երկրներ՝ Ռուսաստանը, Իրանը, Ադրբեջանը եւ Թուրքիան, դրական են վերաբերվում «3+3» հարթակին, իսկ Հայաստանի հետ քննարկումները շարունակվում են։