Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ Հռոմում հանդիպումից հետո հայտարարել է, որ Թուրքիան պատասխանատու չէ Ուկրաինայի կողմից թուրքական «Բայրաքթարների» օգտագործման համար։
Նա պնդել է, թե դրանք պաշտպանական զենքեր են, որոնց կիրառման համար Թուրքիան պատասխանատվություն չի կրում։
«Երբ որեւէ երկիր որեւէ պաշտպանական զենք է գնում մեզնից կամ որեւէ այլ երկրից, այդ զենքը դադարում է թուրքական, ռուսական կամ ուկրաինական լինելուց։ Թեեւ այդ զենքը գնված է Թուրքիայից, սակայն այն այժմ պատկանում է Ուկրաինային»,- ասել է նա։
Թուրքիայի արտգործնախարարը պնդել է, թե այս հարցում ոչ ոք չի կարող մեղադրել Անկարային։
«Ահաբեկչության դեմ պայքարում մենք բախվել ենք տարբեր երկրներում, նաեւ Ռուսաստանում արտադրված զինատեսակների, բայց դրա համար երբեք Ռուսաստանին չենք մեղադրել։ Ուկրաինան էլ պետք է դադարի մեր երկրի անունն օգտագործելուց»,- ասել է Չավուշօղլուն։