Լրահոսից իմացա, որ հեռավոր 1982 թվականին Լոս Անջելեսում Թուրքիայի գլխավոր հյուպատոս Քեմալ Արիքանին սպանած Համբիկ Սասունյանը ազատ է արձակվել եւ վերադարձել է Հայաստան։
Տարատեսակ եւ խառնիխուռն տեղեկություններով ողողված լրահոսը հայտնում է նաեւ, որ Երեւանում «Շուշիի» փողոց անվանակոչելու ստորագրահավաք է կազմակերպվել։
Իհարկե, ընթերցողների մեջ կարող է տրամաբանական հարց առաջանալ, թե ինչու ներքաղաքական եւ տարածաշրջանային կարեւոր իրադարձությունների փոխարեն ես առանձնացրել եմ հենց այս երկու՝ առաջին հայացքից իրար հետ կապ չունեցող նորությունները։ Իրականում ամեն ինչ շատ պարզ է․ իրար հաջորդող քաղաքական գործընթացները կգան ու կգնան, մեզ շրջապատող աշխարհը էվոլյուցիոն չընդհատվող ընթացքի մեջ է եւ մեր կամքից անկախ։
Այսինքն՝ մենք ավելի շատ պետք է կենտրոնանանք ոչ թե տեղի ունեցողի կամ էլ արդեն իսկ կատարվածի, այլ այդ ամենի մեր հնարավոր ընկալման եւ մոտեցման վրա։ Ասվածի համատեքստում վերեւում մատնանշված իրադարձությունները կորցնում են իրենց շարքային բնույթը, քանի որ մենք՝ որպես հավաքականություն, մեզ շրջապատող միջավայրը տեսնում եւ ընկալում ենք հենց դրանց առաջադրած մշակութային եւ քաղաքական ստրուկտուրաների միջոցով։
Ի՞նչ է ստացվում, 1.5 միլիոն հայերի ցեղասպանությունը եւ հսկայական մի հայրենիքի կորուստը մենք իմաստավորում ենք թուրք պաշտոնյաների սպանություններով, խրոխտ եւ ինքնավստահ դեմքի արտահայտությամբ «Գինի լից»-ն ենք երգում, հպարտանում Թալեաթի անշնչացած մարմնով եւ հոգեւոր բավարարվածություն ստանալուց հետո ցրվում տներով։
Կամ պատմական հայրենիք տենչալով՝ հետեւողականորեն մեծացնում ենք դրա սահմանները՝ իհարկե իրական հայրենիքի հաշվին։ Բոլորովին վերջերս Շուշին իրական էր եւ նյութական, իսկ հիմա հայկական այդ բերդաքաղաքը ընդամենը գոյություն չունեցող պատմական ցնորք է, որը հատուկ ստորագրահավաքով պետք է միանա իր նախորդներին՝ Կարսին, Նախիջեւանին, Արդահանին եւ Բայազետին։
Ահա սա է հայ քաղաքական մտքի ողջ հմայքը, սա է այն ամենը, ինչ մենք կարող ենք տալ Թուրքիային եւ Ադրբեջանին, ավելի բովանդակային պատասխան գոյություն չունի եւ չի էլ ունենա, քանի դեռ մեր մտածողությունը օկուպացված է կուռքերով եւ արխաիկ միֆերով։
Համբիկ Սասունյանն արդեն իսկ Հայաստանում է։ Շատերը նրան դիմավորում են ոգեւորությամբ եւ ծափերով՝ թուրք դինավագետի սպանությունը դիտարկելով որպես հերոսություն։ Ավելի շուտ՝ որպես մխիթարանք։ Բայց քչերը կփորձեն ապրումակցել ողբերգական այդ մարդուն, որն իր կյանքի 40 տարիներն անցկացրել է բանտում եւ միգուցե ափսոսում է կորցրածի համար։ Ընդհակառակը՝ մարդիկ թքած ունեն Սասունյանի կորսված կյանքի վրա, նրանք ընդամենը կլանի խաղի կանոններով մեկ ուրիշի դժբախտության հաշվին բավարարում են ազգայնական եսասիրության վայրենի կրքերը։
Բայց չէ՞ որ թուրք դիվանագետը նաեւ անմեղ է եղել եւ որեւէ առնչություն չի ունեցել ցեղասպանության հետ, մի՞թե կարելի է հանցանք չգործած մարդուն վերցնել ու սպանել։ Կարծում եմ՝ անզեն մարդուն անհավասար պայմաններում սպանելը անպատվաբեր, զազրելի արարք է, որը պետք է հստակ արձանագրվի։
Հակառակորդին կարելի է սպանել ռազմաճակատում, բայց պատերազմի բարքերը չի կարելի խրամատից դուրս հանել ու տեղափոխել քաղաքացիական կյանք՝ թիրախավորելով խաղաղ մարդկանց։
Հատկապես Կարսը եւ Շուշին հանձնելուց հետո։ Բայց ո՛չ, ամեն ինչ տեսած, բայց ոչինչ չսովորած զանգվածները մի կողմից հպարտանում են անհատի խորտակված կյանքով, իսկ մյուս դեպքում էլ վախեցած, շշուկով արտաբերում են հետեւյալ խոսքերը․ «Դե բա մենք ի՞նչ կարող էինք անել ՆԱՏՕ-ի երկրորդ բանակի դեմ»։
Խնդրի բարոյագիտական կողմը մի կողմ թողնենք եւ խոսենք դրա քաղաքական բովանդակության մասին։ 20-րդ դարում լայն տարածում ունեցող հայ վրիժառուական շարժումն ու Հայաստանի Հանրապետությունը անհամատեղելի են։ Այլ խոսքով՝ պետականաստեղծ քաղաքացին եւ տարերային ֆիդայականությունը չեն կարող գոյություն ունենալ միեւնույն տարածությունում։ Պետք է կողմնորոշվենք, թե որ ճանապարհով ենք շարժվում՝ պետականաշինությա՞ն, թե՞ լեռներում ծվարած հայդուկային շարժման։
Խնդիրն այն է, որ տասնամյակներ շարունակ երկրորդը որպես մտածողություն տարրարլուծվել է առաջինի մեջ՝ արգելակելով դրա ինտելեկտուալ առաջընթացն ու զարգացման հնարավորությունը։ Ասվածի վկայությունը Ղարաբաղյան երկրորդ պատերազմն էր, երբ կանոնավոր բանակը փոխակերպվեց կամավորական խառնաշփոթի։ Ավելի քան խոսուն է նաեւ այն փաստը, որ այսքան տարիների ընթացքում մենք ՀՀ ԶՈՒ-ի գլխավոր հարվածային ուժի՝ հրետանու մասին երգ նույնիսկ չունենք։ Հրետանավորները «Գինի լից»-ն են շարունակում երգել։
Մարդկանց մեջ կարող է տրամաբանական հարց առաջանալ, թե ինչու եմ ես այդքան ատում «Գինի լից»-ը։ Իսկապես խնդիրը երգի մեջ չէ, նույնիսկ Դաշնակցության հետ որեւէ անհաշտություն չունեմ։ Պարզապես գործ ունենք քաղաքական եւ մշակութային մի մեծ անդունդի հետ, որից արդեն հարյուր տարի է, ինչ չենք կարողանում դուրս գալ։ Այդ երգը դադարել է պարզապես երգ լինելուց, այն մեր քաղաքական մտքի թշվառության եւ Հայաստանի ռազմաքաղաքական կործանման խորհդանիշն է։
Ցավոք, «Գինի լից»-ը, ի հակադրություն իմ ձեւակերպման, ընկալվում է որպես հաղթանակի եւ հերոսության ձոն։ Եկե՛ք հասկանանք, թե ում ենք մենք հաղթել, քաղաքական հանցագործ ծերուկին Բեռլինում գնդակահարելը հաղթանա՞կ է։ Կարծում եմ, այնուամենայնիվ, մենք չենք հաղթել Թալեաթին, նույնիսկ մեռնելու պահին ինքը հաղթող էր, քանի որ իր ժողովրդին ժառանգություն թողեց գրեթե ամբողջությամբ հայաթափված Թուրքիա։ Ավելին՝ նա վերջնականապես թաղեց Արեւմտյան Հայաստանում հայկական պետության ստեղծման հնարավորությունը։ Իսկ ի՞նչ են մեզ ժառանգություն թողել, ճիշտ գուշակեցիք՝ «Գինի լից» հերոսական երգը, ինչպես նաեւ պատմական հայրենիքի քաղաքների անուններով Երեւանի փողոցները, որոնց մոտ ապագայում կմիանա նաեւ եղբայրական Շուշին։
Եվ այս խելահեղ մտածողությամբ տասնամյակներ շարունակ բազմաթիվ սերունդներ են կրթվել, որոնց մեջ էր նաեւ 19-ամյա Համբիկ Սասունյանը, որը, կործանելով իր կյանքը, մեզ դատարկությամբ հպարտանալու եւս մեկ հնարավորություն տվեց։
Լրագրող, հրապարակախոս։ Գրում է քաղաքականության մասին, հետաքրքրությունների շրջանակում են՝ բարոյագիտությունը, կրոններն ու քաղաքական փիլիսոփայությունը։