«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին» (ՇՄԱԳՓ) ՀՀ օրենքը չափազանց կարեւոր իրավական փաստաթուղթ է: Այն ոչ միայն ոլորտն է կարգավորում, այլեւ միջազգայնորեն Հայաստանի ստանձնած մի շարք պարտավորությունների կատարման հիմք է: Պատահական չէ, որ 2014-ին ԱԺ-ն այն ընդունեց մեկ օրում, միանգամից 3 ընթերցմամբ՝ անտեսելով դրան նախորդած փորձագիտական բազմաթիվ քննարկումներին ներկայացված առաջարկությունները: Մինչ այդ գործում էր 1995-ին ընդունված համանուն օրենքը:
«Հայաստանի Հանրապետության՝ մի կողմից, եւ Եվրոպական միության (ԵՄ) եւ ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների՝ մյուս կողմից, միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության» համաձայնագրի ստորագրումից հետո այս օրենքի վերանայումը օրակարգային դարձավ:
2019-ին շրջանառության մեջ դրվեց «ՇՄԱԳՓ-ի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին, ինչպես նաեւ հարակից այլ օրենքներում փոփոխությունների փաթեթ, որը ԱԺ հասնելուց հետո հետ կանչվեց՝ բարելավման նպատակով:
Ներկայում նոր նախագիծը դեռեւս համալիր մշակման փուլում է: Դեռ այս տարվա հունվարին էր շրջակա միջավայրի նախարարը ասել, որ մինչեւ տարեվերջ կունենանք միջազգային չափորոշիչներին համարժեք, եվրոպական փորձը ներառող նախագիծ:
Ոլորտի փորձագետները, սակայն, վստահ են, որ գործող օրենքի վրա հիմնված նոր նախագիծը չի կարող լրացնել առկա բացերը, ուստի անհրաժեշտ է սկսել «զրոյից»:
«Հայաստանի անտառներ» հասարակական կազմակերպության (ՀԿ) նախագահ, իրավաբան Նազելի Վարդանյանը, մանրամասն ուսումնասիրելով նախագծի աշխատանքային տարբերակը, հիմնավոր առաջարկություններ է ներկայացրել գրեթե բոլոր կետերի վերաբերյալ:
«Ավելի լավ էր՝ նոր օրենք գրեի, քանի որ չկա մի հոդված, մի կետ, որը փոփոխելու անհրաժեշտություն չլինի»,- ասաց իրավաբանը:
Առանցքային հարցերից է, օրինակ, ազդակիր համայնքի սահմանումը: Համայնքների խոշորացման գործընթացի պայմաններում, երբ մեկ համայնքում ներառվում են տասնյակ ու ավելի բնակավայրեր, անհասկանալի է «համայնք» հասկացությունը, քանի որ ազդակիր բնակավայրերի բնակիչների ձայնը կարող է խլանալ մինչ կենտրոնական համայնքապետարան հասնելը, որտեղ էլ, որպես կանոն, վերջնական որոշումներն են ընդունվում:
«Դալմա-Սոնա» հիմնադրամի նախագահ, Քաղաքացիական ծառայության 2-րդ դասի խորհրդական Ռուզաննա Ղազարյանի կարծիքով բացարձակապես անընդունելի է օրենքի հետևյալ դրույթը. «Փորձաքննական գործընթացը սահմանված ժամկետում չիրականացնելու դեպքում փորձաքննական եզրակացությունը համարվում է դրական»։
«Ինչո՞ւ անպատասխանատու պաշտոնատար անձանց պատճառով պետք է տուժեն բնությունն ու շրջակա միջավայրը, եւ վնաս կրեն ոչ միայն ներկա, այլեւ ապագա սերունդները,- ասում է նա:- Երկրում էկոլոգիական անվտանգություն ապահովելու պետության պարտավորության սահմանադրական դրույթով պայմանավորված՝ անհրաժեշտ է ՇՄԱԳՓ նոր օրենքը դարձնել ոլորտը կարգավորող հարակից այլ օրենքների, նույնիսկ օրենսգրքերի համար «հովանոցային» օրենք»:
Էկոիրավունքի մասնագետ Ռուզաննա Ղազարյանի կարծիքով մի շարք օրենքներ (Ընդերքի օրենսգիրք, Քրեական օրենսգիրք, Վարչական իրավախախտումների մասին օրենսգիրք, Բնապահպանական վերահսկողության մասին օրենք եւ այլ) համատեղ պետք է վերանայել, կարգավորել, այդ դեպքում միայն մենք կունենանք իրավունքների պատշաճ ձեւավորում, տրամադրում եւ վերահսկողություն:
«Օրինակ՝ միանշանակ քրեական օրենսդրությամբ պետք է ամրագրվի եւ խստագույն պատժի ենթակա լինի այն պաշտոնատար անձը, ով շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման ու փորձաքննական եզրակացություններում թույլ է տվել կեղծումներ: Պատասխանատվության ենթակա պետք է լինեն նաեւ եզրակացության տրմանը մասնակցած մասնագետներն ու փորձագետները: Դա պետք է ամրագրվի բոլոր շաղկապված օրենքներում»,- ասում է տիկին Ղազարյանը:
Բայց այստեղ կա մի շատ ավելի կարեւոր բայց
ՀՀ Սահմանադրությամբ է ամրագրված, որ մեր «պետությունը վարում է ներկա ու ապագա սերունդների բնապահպանական անվտանգությունն ապահովող քաղաքականություն» (հոդված 33.1): Դա, փաստորեն, ապրիորի է. մշակված ու հաստատված քաղաքականություն դեռ չկա: Եթե այն գոյություն չունի, այսինքն՝ չկա կայուն, հեռահար նպատակներով, սկզբունքներով, մտքերով, գաղափարներով, հստակ ձեւակերպված գրավոր ինչ-որ բան, ապա ինչպե՞ս են այն վարում:
Ստացվում է, որ մեր երկրում մշակվել, ընդունվել, ներկայում էլ լրամշակվում է մի օրենք, որի հիմքը չկա:
Բնապահպանական ու սոցիալական ազդեցության գնահատման փորձագետ Գայանե Աթոյանը դեռ Անգլիայում ուսանելու տարիներին է ուսումնասիրել այդ երկրի ու ՇՄԱԳՓ գործընթացներում առաջավոր երկրների փորձը: Նրա համոզմամբ ՇՄԱԳՓ օրենքին պետք է նախորդեր «Բնապահպանական քաղաքականության» ընդունումը:
«Չկա հասարակության մասնակցության պատշաճ ավանդույթ, հասարակական կազմակերպությունների իրավական դիրքորոշում, քանի որ այն բացակայում էր գործընթացի սկզբից,- ասում է նա՝ շեշտադրելով Հայաստանում երկու անգամ մշակված եւ ընդունված ՇՄԱԳՓ օրենքի թերությունները:- Նախագծողները երբեք չեն նշում, որ դա արվել է բնությունը պաշտպանելու համար, այլ նշում են, որ փոփոխությունը պահանջվել է երկրում բիզնես միջավայրի բարելավման համար»:
1995 թվականի օրենքը մշակվել է՝ հաշվի առնելով ԱՄՆ-ի Ազգային բնապահպանական քաղաքականության ակտը, մինչդեռ Հայաստանում բացակայում է սեփական ազգային բնապահպանական քաղաքականությունը:
«Երկրի համար բիզնեսի եւ շրջակա միջավայրի պահպանության առաջնահերթությունները պետք է մշակվեն լավ մշակված քաղաքականության մեջ, որը կարող է հանգեցնել ինչպես շրջակա միջավայրի պահպանության, այնպես էլ բիզնեսի կառավարման ամուր եւ մանրամասն օրենքի: Ներկայում բնապահպանական կառավարման ոլորտում որոշումների կայացումը հիմնականում ձեռնտու է բիզնեսին, ինչը քաոս է առաջացնում ոլորտում»,- ասում է ոլորտի գիտակ Գայանե Աթոյանը:
Այսպիսով՝ մինչ ՇՄԱԳՓ օրենքի բոլորովին նոր նախագծի ստեղծումը անհրաժեշտ է մշակել ազգային, մշտական եւ կայուն մոտեցումներով բնապահպանական քաղաքականություն: Ընկալել բնապահպանական օրենքի եւ կառավարման նկատմամբ արեւմտյան եւ ԵՄ մոտեցումները: Հաստատել ՇՄԱԳՓ օրենքի գերակայությունը երկրում գործող մյուս բոլոր ոլորտների օրենքների ու ենթաօրենսդրական ակտերի նկատմամբ:
Բայց մինչ այդ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ը շարունակում է ստանալ նախատեսվող գործունեությունների եւ հիմնադրույթային փաստաթղթերի նախնական գնահատման հայտեր ու գնահատման հայտարարություններ: Միայն 2021 թվականի տարեսկզբից մինչեւ հոկտեմբեր, ՇՄ նախարարության տարածած հաղորդագրության համաձայն, փորձաքննության են ներկայացվել նախատեսվող գործունեությունների եւ հիմնադրույթային փաստաթղթերի նախնական գնահատման 258 հայտեր ու հաշվետվություններ, տեխնիկական առաջադրանքներ են տրամադրվել գործունեությունների 110 հայտերի, փորձաքննական եզրակացություններ են տրամադրվել 193 գործունեությունների վերաբերյալ, 12-ին տրվել է բացասական եզրակացություն:
Այս ամենի վերաբերյալ Արեւելյան գործընկերության քաղհասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի 3-րդ աշխատանքային խումբը առաջարկությունների փաթեթ է ներկայացրել ՇՄ նախարարին՝ ակնկալելով ոլորտի հիմնովին նորոգում:
Բնօգտագործման եւ բնապահպանության մասնագետ եմ։ Ունեմ նաեւ լրագրողի շուրջ 15-ամյա փորձ։ Զույգ մասնագիտություններս հաջողությամբ համատեղում եմ հասարակական գործունեության հետ՝ հանուն բնության եւ առողջ միջավայրի։