Իրան-Ադրբեջան հարաբերություններում առկա եւ «բառային պատերազմ» անվանված լարվածությունը նվազել է։
Թեեւ անցյալ ամսվա ընթացքում մի շարք հայտարարություններ երկու կողմից այդ հարաբերությունների սրացումը պայթյունավտանգ էին դարձրել, բայց ակնհայտ էր, որ հարցերը կարգավորելու բազում խողովակներ ունեցող Թեհրանն ու Բաքուն կխուսափեն հարցը ռազմական բախման տանելուց։
Իսկապես մի շարք կոշտ հայտարարությունների զուգընթաց տեղի ունեցավ Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահիանի հանդիպումը Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի հետ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում։
Այս հանդիպումից հետո տված ծավալուն հարցազրույցում նախարարը շեշտադրել էր, որ Ադրբեջանի հետ բարիդրացիական հարաբերությունները ենթադրում էին, որ տարանցիկ ճանապարհից օգտվելու վերաբերյալ եղած փոփոխությունների մասին պետք էր նախապես զգուշացնել ու կարգավորել նոր ընթացակարգը։ Նույն հարցազրույցում նախարարը կարեւոր շեշտադրումներ էր արել իրանա-ադրբեջանական հարաբերությունների որակը գնահատելու տեսանկյունից՝ մասնավորապես ընդգծելով, որ՝
- Իրան-Ադրբեջան քաղաքական ու հասարակական հարաբերություններն ամենաբարձր մակարդակի վրա են,
- Իրանը ողջունել է Ղարաբաղի «ազատագրումը» Ադրբեջանի կողմից,
- պատերազմի ընթացքում Իրանի դիրքորոշումը ողջունվել է Ադրբեջանի կողմից,
- բայց տարածաշրջանում սիոնիստական ու ահաբեկչական ուժերի ներկայությունը ընդունելի չէ Իրանի կողմից,
- Հայաստան-Իրան ճանապարհի մի հատվածը «տարածքների ազատագրումից» հետո անցնում է Ադրբեջանի միջով, բայց իրանցի վարորդների նկատմամբ վերաբերմունքն անընդունելի է, կարելի էր նախօրոք ասել, որ ընթացակարգեր են փոխվելու,
- Իրանի համար անընդունելի է տարածաշրջանի քաղաքական սահմանների փոփոխությունը, ու ամեն ինչ անելու են, որ դիվանագիտական ճանապարհով Ադրբեջանին հետ պահեն սիոնիստական ծուղակի մեջ ընկնելուց։
Իրանցի դիավանագետի այս հարցազրույցին զուգընթաց շարունակվում էին ակտիվ դիվանագիտական քննարկումները Թեհրանի ու Բաքվի միջեւ։ Արդյունքում, մի կողմից նվազեց փոխադարձ մեղադրանքների հռետորաբանության սրությունը, մյուս կողմից ազատ արձակվեցին Ադրբեջանի կողմից ձերբակալված իրանցի երկու վարորդները։
Մինչ այդ Իրանի ճանապարհային բեռնափոխադրումների եւ սպասարկման կազմակերպության միջազգային փոխադրումների գրասենյակի տնօրեն Ջավադ Հեդայաթին նամակ էր հղել բեռնափոխադրող ընկերություններին, որում հորդորում էր «հնարավոր հետեւանքներից խուսափելու ու Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը հարգելու համար Հայաստանի տարածքից մուտք չգործել Ղարաբաղ ու Ղարաբաղի հետ որեւէ առեւտրային պայմանագիր չկնքել»։
Միաժամանակ վերջին մեկ ամսվա ընթացքում տեղի ունեցած ակտիվ փոխայցերը Իրանի եւ Հայաստանի պաշտոնյաների միջեւ շեշտադրեցին Գորիս-Կապան ճանապարհի այլընտրանքային ուղին հնարավորինս արագ կառուցելու անհրաժեշտությունն ու Իրանի պատրաստակամությունը՝ մասնակցելու շինարարական աշխատանքներին։
Բոլոր քննարկումներում առանցքային հարցերի թվում էին քաղաքական քարտեզի փոփոխության անթույլատրելիությունը, վարձկաններին տարածաշրջանից դուրս բերելու անհրաժեշտությունը, ինչպես նաեւ արտատարածաշրջանային ուժերին տարածաշրջանային հարցերից ու խնդիրներից հեռու պահելու կարեւորությունը։ Այս շեշտադրումները կարեւոր խաղաքարտ կարող էին լինել Հայաստանի համար առաջիկայում սպասվելիք եռակողմ հանդիպումների ու «միջանցքի» հարցով ճնշումներին դիմակայելու տեսանկյունից։
Բայց պետք է հաշվի առնել, որ մինչ այդ հանդիպումը Իրանը, հատկապես Իրանի ու Ադրբեջանի արտգործանախարարների միջեւ հոկտեմբերի 24-ին տեղի ունեցած հեռախոսազրույցից հետո, ազդակներ է ուղարկում, թե խնդիրները երկու երկրների միջեւ գրեթե լուծված են, ու կա երկկողմանի շահագրգռվածություն՝ կառուցողական եղանակով շարունակելու քննարկումները։
Այս մասին թվիթերյան իր էջում գրել էր նաեւ Իրանի արտգործնախարար Համիդ Աբդոլլահիանը։ Սա, ի հեճուկս նաեւ այն հանգամանքի, որ Ադրբեջանում նույն ժամանակահատվածում շիայական, պրոիրանական մի քանի կայքեր փակվեցին «իրանական ու կրոնական քարոզ» իրականացնելու մեղադրանքով։
Միաժամանակ ազատազրկվել ու միայն օրեր անց էին ազատ արձակվել մի քանի շիա հոգեւորականներ՝ առանց պաշտոնական պատճառաբանության, բայց ենթադրաբար Իրանի անվտանգության ծառայությունների հետ կապեր ունենալու կասկածանքով։
Այսպիսով, թեեւ որոշակի լարվածություն դեռ մնում է իրանա-ադրբեջանական հարաբերություններում, բայց «բառային պատերազմը» առնվազն զինադադար/խոսքադադարի փուլում է, իրանական ծաղրանկարների ադրբեջանական հերոսն էլ իջել է թերթերի առաջին էջերից։
Արեւելագետ-հետազոտողի իմ մասնագիտությունը հուշում է, որ հարեւաններին պետք է ընդունել ոչ միայն իբրեւ ճակատագիր, այլեւ քաղաքական, սոցիալական ու մշակութային երեւույթ, որը պետք է ճանաչել ու հասկանալ։