Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերջին պահին հրաժարվել է Գլազգոյում մեկնարկած կլիմայական փոփոխությունների համաժողովին մասնակցելուց։
Ըստ թուրքական NTV հեռուստաընկերության՝ որոշումն ընդունվել է, երբ ընդունող կողմը հրաժարվել է Անկարայի՝ թուրքական պատվիրակության անվտանգության ապահովմանը վերաբերող պահանջները բավարարելուց։
Հռոմից վերադարձի ճանապարհին` օդանավում, Թուրքիայի նախագահը հայտարարել է․ «Երբ մեր պահանջներին չընդառաջեցին, մենք որոշեցինք Գլազգո չմեկնել»։ Նա չի հստակեցրել, թե խոսքը ինչ պահանջների մասին էր։
Թուրքիայի նախագահն ավելի վաղ ասել էր, թե Ջո Բայդենի հետ հանդիպումը Հռոմում քիչ հավանական է, սակայն Գլազգոյում այն նախատեսվում է: ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեք Սալիվանն էլ ասել է, որ Գլազգոյում նախագահների հանդիպումն ակնկալվում է: Նա հեռախոսազրույց էր ունեցել Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընի հետ՝ քննարկելով երկկող հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր եւ նախագահների հնարավոր հանդիպման օրակարգը։
Սակայն, ինչպես արդեն տեղեկացրել էինք, ԱՄՆ եւ Թուրքիայի նախագահները հանդիպել ու բանակցել են Հռոմում՝ Մեծ քսանյակի գագաթնաժողովի շրջանակում։