Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնել են, որ Ստեփանակերտի՝ Խնածախում մոլորված բնակիչներ 16-ամյա Կ.Ս․-ն եւ 17-ամյա Ա.Պ․-ն գտնվել են։
Տղաների մոլորվելու մասին ահազանգը ԱՀ ԱԻՊԾ-ն ստացել էր հոկտեմբերի 31-ին։ Նախնական տվյալներով նրանք մոլորվել էին Խնածախ գյուղին հարող անտառածածկ տարածքում:
«Վերջիններս մարզիկներ են, որոնք վազքով անցել են արտամիջյան ճանապարհը, այնուհետեւ մառախուղի պատճառով կորցրել տեղանքի կողմնորոշումը: Որոնողական աշխատանքներ են կատարել ԱԻ ծառայության եւ ոստիկանության աշխատակիցները»,- նշել են ԱԻՊԾ–ից։
Տղաների հետ ժամանակ առ ժամանակ բջջային կապ հնարավոր է եղել հաստատել, սակայն մթության ու մառախուղի պատճառով նրանք չեն կարողացել իրենց գտնվելու վայրի մասին ստույգ տեղեկություն տրամադրել:
ԱԻ պետական ծառայության աշխատակիցներն ամբողջ գիշեր որոնողական աշխատանքներ են իրականացրել աշխարհագրորեն բարդ ռելիեֆային գոտիներում, սակայն գիշերն աշխատանքներն արդյունք չեն տվել:
Շուրջ 15 ժամ տեւած որոնումներից հետո՝ նոյեմբերի 1-ին` 13:25-ին, տղաները գտնվել են եւ տեղափոխվել Ստեփանակերտ: Նրանց առողջությանը վտանգ չի սպառնում: