ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է, որ մարդկությունը փորում է իր գերեզմանը շրջակա միջավայրի նկատմամբ վերաբերմունքով։ Գլազգոյում անցկացվող ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 26-րդ համաժողովի ժամանակ նա մասնակիցներին հորդորել է բնությանը չվերաբերվել իբրեւ զուգարանի։
Գուտերեշն ընդգծել է, որ կլիմայի փոփոխության Փարիզյան համաձայնագրի ստորագրումից վեց տարի անց գրանցվել են վեց ռեկորդային ամենաշոգ տարիները:
«Հանածո վառելիքից կախվածությունը մեզ հասցրել է անդունդի եզրին: Մենք կարեւոր ընտրության առաջ ենք. կա՛մ դադարում ենք ինքներս, կա՛մ դադարեցնում են մեզ։ Բավական է սպանենք ինքներս մեզ ածխածնով, դադարե՛նք բնությանը զուգարանի պես վերաբերվելուց: Դադարենք այրելուց, հորատելուց ու ավելի խոր փորելուց: Այլապես մենք փորում ենք մեր գերեզմանը»,- շեշտել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը։