Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հռոմում Մեծ քսանյակի գագաթնաժողովի շրջանակում հանդիպումներ է ունեցել Ֆրանիսայի նախագահ Էմանուել Մակրոնի եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ։
Թուրքիայի եւ Ֆրանսիայի առաջնորդների փակ հանդիպումը տեւել է 50 րոպե։ Լիբիայի եւ Արեւելյան Միջերկրականի խնդիրների շուրջ տարաձայնություններ ունեցող երկրների նախագահները քննարկել են նաեւ մեր տարածաշրջանի խնդիրները։
Էրդողանն այսօր Հռոմից Թուրքիա վերադառնալու ճանապարհին ինքնաթիռում ներկայացրել է գագաթնաժողովի ընթացքում տեղի ունեցած հանդիպումների մանրամասները եւ պատասխանել լրագրողների հարցերին: Էրդողանը հայտնել է, որ Մակրոնի հետ հանդիպման ընթացքում Ֆրանսիայի նախագահը բարձրացրել է Հարավային Կովկասում իրավիճակի հարցը։
«Մենք ասել ենք, որ Հարավային Կովկասում դրական քայլեր են ձեռնարկվում, ու մեր եղբայր Իլհամ Ալիեւը վճռականորեն ուզում է շարունակել այդ դրական քայլերը»,- նշել է Էրդողանը։
Թուրքիայի նախագահը Մակրոնին հայտնել է, թե «Ալիեւը Փաշինյանի հետ ունեցել է խոսակցություն, որի ընթացքում օրակարգ է բերվել տարածաշրջանում 6-ի հարթակ ստեղծելու հարցը»:
«Ռուսաստանը, Ադրբեջանը, Թուրքիան, Իրանը, Վրաստանը եւ նրանց կողքին նաեւ Հայաստանը, եթե բոլորը ընդունեն, ապա իսկապես ստեղծած կլինենք խաղաղության մի հարթակ»,- եզրափակել է Էրդողանը։
Էրդողան-Մերկել հանդիպումը տեւել է 30 րոպե։ Թուրքական կողմից ներկա են եղել նաեւ արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն, ֆինանսների նախարար Լյութֆի Էլվանը եւ այլք, իսկ գերմանական կողմից՝ Օլաֆ Շոլցը, որի հետ Գերմանիայում բանակցություններ են տարվում կոալիցիոն կառավարություն ձեւավորելու շուրջ։
Էրդողանը G20-ի գագաթնաժողովի շրջանակում հանդիպել է նաեւ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին եւ Իտալիայի վարչապետ Մարիո Դրագիին։