ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը եւ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են 2020-ի նոյեմբերի 9-ի, 2021-ի հունվարի 11-ի եռակողմ պայմանավորվածությունները՝ հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում լիակատար հրադադարի եւ բոլոր ռազմական գործողությունների մասին նոյեմբերի եռակողմ փաստաթղթի մոտալուտ տարելիցը։
Ըստ ՌԴ ԱԳՆ-ի՝ հատուկ ուշադրություն է դարձվել հրատապ հումանիտար խնդիրների լուծման առաջխաղացմանը, առաջին հերթին՝ պահվող անձանց վերադարձին, ականապատ դաշտերի քարտեզների փոխանցմանը եւ մշակութային-կրոնական ժառանգության պահպանմանը:
Սերգեյ Լավրովն ու Արարատ Միրզոյանը անդրադարձել են հայ-ադրբեջանական սահմանին լարվածության վերացման, Հարավային Կովկասում տրանսպորտային ու տնտեսական բոլոր կապերի ապաշրջափակման, տարածաշրջանային համագործակցության համար բարենպաստ մթնոլորտի ստեղծման հարցերին։
Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները շեշտել են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանային միջադեպերի քաղաքական եւ դիվանագիտական կարգավորմանն ուղղված ջանքերի շարունակականության կարեւորությունը։
Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ ռուս-հայկական համագործակցության հարցերին եւ մի շարք միջազգային ու տարածաշրջանային խնդիրների։