Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, թե Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը իրեն խաբել է սուզանավերի պայմանագրի չեղարկման վերաբերյալ՝ մինչեւ վերջին պահը չտեղեկացնելով ամերիկացիների հետ կնքվող գործարքի մասին։
Մակրոնն ու Մորիսոնը Ֆրանսիայի հետ սուզանավերի գործարքը Ավստրալիայի կողմից չեղյալ հայտարարելուց հետո առաջին անգամ հանդիպեցին Հռոմում G20-ի գագաթնաժողովում։ Հռոմում ելույթ ունենալով՝ Մակրոնն ասել է, թե մեծ հարգանք է տածում Ավստրալիայի նկատմամբ, սակայն Ավստրալիան չի փոխադարձել։
Մորիսոնն ի պատասխան հակադարձել է, թե ինքը չի խաբել․ Մակրոնին բացատրել է, որ սովորական սուզանավերն այլեւս չեն համապատասխանի Ավստրալիայի ռազմավարական շահերին։
«Ֆրանսիայի հետ հարաբերությունների վատթարացումն անխուսափելի էր»,- ընդգծել է Ավստրալիայի վարչապետը՝ մեկնաբանելով Փարիզի եւ Կանբերրայի միջեւ ծագած դիվանագիտական ճգնաժամը, որի պատճառը ամերիկյան արտադրության միջուկային սուզանավեր ձեռք բերելու եւ ֆրանսիական արտադրության սուզանավերի ձեռքբերման շուրջ արդեն իսկ կնքված պայմանագիրը չեղարկելու Ավստրալիայի կառավարության որոշումն է։
Մորիսոնի համոզմամբ՝ պաշտոնական Փարիզը ցանկացած պարագայում հիասթափված կլիներ։ Նա ընդգծել է, թե ընդունում է, որ հիմա դժվարին շրջան է երկու երկրների փոխհարաբերություններում։
«Առանց Ֆրանսիային հիասթափեցնելու որոշում ընդունելու որեւէ տարբերակ չկար։ Դրանից խուսափելու տարբերակ չկար։ Բայց հենց դա է դժվար որոշումներ ընդունելու առանձնահատկությունը»,- հայտարարել է Ավստրալիայի վարչապետը։