ՀՀ նախագահի աշխատակազմից հայտնել են, որ նախագահ Արմեն Սարգսյանը նոյեմբերի 1-ին Գլազգոյում մասնակցել է ՄԱԿ-ի՝ Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 26-րդ համաժողովի (COP26) բացման արարողությանը։
Նախագահ Սարգսյանը կարճատև զրույց է ունեցել Մեծ Բրիտանիայի վարչապետի եւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ։ Գագաթնաժողովի շրջանակում Հայաստանի նախագահը զրույցներ է ունեցել Ֆրանսիայի նախագահի, Գերմանիայի կանցլերի, Կատարի էմիրի, Հնդկաստանի, Կանադայի, Իսպանիայի, Իտալիայի, Ավստրալիայի վարչապետների, Արգենտինայի, Լիբանանի, Սերբիայի, Չեռնոգորիայի, Ղրղզստանի, Եվրոպական խորհրդի նախագահների հետ: Համաշխարհային առաջնորդների գագաթնաժողովի շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի ելույթը նախատեսվում է նոյեմբերի 2-ին:
Գագաթնաժողովը բացել է Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնը: «Եթե այսօր կլիմայական փոփոխությունների դեմ լրջորեն գործի չանցնենք, մեր երեխաների համար վաղն արդեն շատ ուշ կլինի որեւէ բան փոխել․․․ Նրանք կիմանան, որ Գլազգոն այն պատմական շրջադարձային կետ էր, որտեղ պատմությունը չկարողացավ շրջադարձ կատարել»,- ասել է Ջոնսոնը։
ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն իր ելույթում նշել է, թե հանածո վառելիքից կախվածությունը մարդկությանը է եզրագիծ մղում։ Ժամանակն է ասելու՝ բավական է:
Ուելսի արքայազն Չալզն ընդգծել է, որ կորոնավիրուսի համավարակը ցույց տվեց, թե որքան ավերիչ կարող են լինել անդրսահմանային ճգնաժամերը․ «Մենք պետք է հրատապ կրճատենք արտանետումները եւ միջոցներ ձեռնարկենք՝ մթնոլորտում արդեն իսկ առկա ածխածնի դեմ պայքարելու համար»:
Մյուս ելույթ ունեցողները նույնպես շեշտել են կլիմայի փոփոխությանը դիմագրավելու համար հրատապ քայլերի անհրաժեշտությունը։
Գլազգոյում համաշխարհային առաջնորդները ներկայացրել են ներքին եւ միջազգային մակարդակում իրենց երկրների կողմից նախատեսվող գործողությունները, մասնավորապես՝ արտանետումների նվազեցման ծրագրերը, մոլորակի կենսաբազմազանությունը պահպանելու նպատակով բնական միջավայրերը եւ էկոհամակարգերը պաշտպանելու եւ վերականգնելու ուղղությամբ քայլերը։
Գլազգոյի համաժողովին, որը Միացյալ Թագավորությունն անցկացնում է Իտալիայի հետ համագործակցությամբ, մասնակցում են 100-ից ավելի պետությունների եւ կառավարությունների ղեկավարներ: Կլիմայի փոփոխության շուրջ այս քննարկումն իր շուրջ 30 հազար մասնակիցներով Մեծ Բրիտանիայի՝ երբեւէ հյուրընկալած ամենամեծ միջազգային համաժողովն է, ինչպես նաեւ կլիմայական փոփոխությունների հարցով ամենակարեւոր միջոցառումը 2015-ի Փարիզի համաձայնագրից հետո:
ՄԱԿ-ի՝ Կլիմայի փոփոխության 2021-ի համաժողովը, որը հայտնի է նաեւ COP26 կամ Գլազգոյի համաժողով անուններով, ՄԱԿ-ի՝ Կլիմայի փոփոխության 26-րդ համաժողովն է, որին մասնակցում են բոլոր այն երկրները, որոնք վավերացրել են ՄԱԿ-ի՝ «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիան: Հայաստանը կոնվենցիան վավերացրել է 1993-ի մայիսին: