«Կյանքի բովից» հուշերի գրքում Շիրվանզադեն պատմում է, որ Հնչակյան կուսակցության կողմից գործուղվել է Ռուսաստան՝ կազմակերպելու դրամահավաք:
Դա Արեւմտյան Հայաստանում ֆիդայական պայքարի սկզբնավորման շրջանն էր, եւ հեղափոխական շարժումը ոչ միայն հայ մեծահարուստներին էր էքսպրոպրիացիայի ենթարկում, այլեւ ազգային տուրք էր սահմանել միջին եւ մանր առեւտրականների, արհեստավորների, քիչ թե շատ ունեւոր գյուղացիների վրա: Հայ ես, ուրեմն պիտի մուծվես, որպեսզի Ռուսաստանից, եվրոպական երկրներից զենք ու զինամթերք ձեռք բերվի, հասցվի Զեյթուն, Սասուն…
Գրողն, իհարկե, սեփական ձեռքերը լվանալու սկզբունքով է պատմում, իբր որոշակի գումար հավաքեց, ուղարկեց Այսինչի անունով, բայց թե հետո ինչ եղավ, տեղյակ չէ: Համարենք մանրուք:
Օրերս Ազգային ժողովի դաշնակցական պատգամավորն առաջարկեց մի քննիչ հանձնաժողով էլ ստեղծել՝ պարզելու, թե կառավարությունն ինչպես է ծախսել անցյալ տարի հանգանակած գումարները:
Հոյակապ առաջարկություն է:
Լոս Անջելեսում կամ Մարսելում կամ Ռուսաստանի հարավի մի ստանիցայում ապրող հայը պետք է իմանա, չէ՞՝ ինչի վրա է ծախսվել իր երեխաների բերանից կտրված եւ Հայաստան ուղարկված հիսուն դոլարը, երեսուն եվրոն, հինգ հազար ռուբլին: Մանավանդ որ պատերազմն էլ մեր պարտությամբ է ավարտվել: Ուրիշ բան, եթե հաղթեինք, կամ պարտությունը գոնե այսքան ցավոտ եւ ամոթալի չլիներ:
Դաշնակցությունը համազգային դրամահավաք անում է ամեն տարի՝ իր հիմնադրման 1890 թվականից ի վեր: Ահա այդ ընթացքում հայ ժողովուրդը նրան որքա՞ն գումար է հատկացրել: ՀՅԴ մատյաններում նման տեղեկություն կա՞, ծախսի ուղղությունները նշվա՞ծ են: Եթե հարցնենք, կլսենք, որ «դա գաղտնիք է»:
Ինչպե՞ս կարելի է հրապարակել, թե, ասենք՝ Սասունի ապստամբության օրերին որ երկրից քանի հրացան ու փամփուշտ, ռումբ ու վառոդ է գնվել, որքան մաքսատուրք կամ կաշառք է վճարվել, որպեսզի զենք-զինամթերքը տեղ հասցվի: Կամ այդ ապստամբները հո օդով չէի՞ն սնվում, մերկ ու բոբիկ չէի՞ն կռվում, վիրավորները հո անօգ չէի՞ն մնում: Մի խոսքով՝ պատերազմը, նույնիսկ եթե դա ֆիդայական է, թանկ հաճույք է, իսկ ազգային-ազատագրական պայքարը՝ գաղտնի գործ:
Չես կարող հրապարակել բաներ, որ հետագա ձեռնարկումներին կխանգարեն: Չի կարելի հրապարակել, թե ժողովրդին ինչ է արժեցել եվրոպական երկրներում մամուլ հիմնադրելը, խմբագրություններ պահելը, հեղինակներին հոնորար վճարելը: Գաղտնիք են զանազան ակումբների հիմնադրումը, կուսակցության երեւելիների փարիզյան կամ ժնեւյան կյանքը, նրանց զավակների ուսումնառությունը: Նրանք գործել են վասն հայրենյաց, ապրել ասկետական կյանքով, ծայրահեղ աղքատության մեջ կնքել իրենց մահկանացուն՝ այդպես էլ չտեսնելով Արեւմտյան Հայաստանի ազատագրումը:
Վերջ, թեման փակվում է:
Փակ է նաեւ Հայ դատի գրասենյակների պահպանման, լոբբիստական գործունեության ֆինանսավորման թեման: ԱՄՆ-ի երկու կոնգրեսական, Եվրախորհրդարանի մեկ-երկու պատգամավոր տարեկան մի քանի հայանպաստ հայտարարություն են անում՝ բավական է: Մնացածը գաղտնիք է: Իսկ Ֆեյսբուքում ամեն օր Սպահանից լուրեր ենք կարդում, թե տեղի ՀՅԴ կառույցն ու թեմական խորհուրդը հերթական հողակտորը կամ շինությունն են վաճառքի հանել: Օ-տար-ների: Սպահանից նաեւ հաշվետվություն են պահանջում, թե ինչ եղավ իրենց հանգանակած եւ ՀՅԴ Բյուրոյի հաշվեհամարին փոխանցված վեց հարյուր հազար դոլարը, որ ո՛չ Հայաստանի կառավարությանն է հատկացվել, ո՛չ Արցախի:
Ստացվում է, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հանգանակած գումարների ծախսը հաշվետվության ենթակա է, իսկ մնացածը՝ ո՞չ:
Առաջին հանրապետության վերջին վարչապետ Սիմոն Վրացյանը հուշեր ունի, հրապարակված են: Հաշվետարի ճշտապահությամբ մեկ առ մեկ թվարկել է Հայաստանի պետական գանձարանից արտասահման տեղափոխած ֆինանսական եւ նյութական միջոցները: Այո՛, երբ արդեն պարզ է եղել, որ փետրվարյան ապստամբությունը պարտվում է, Երեւանն ահա-ահա կգրավվի բոլշեւիկյան զորքերից, Սիմոն Վրացյանի «Փրկության կոմիտեն» մինչեւ վերջին կոպեկը մաքրել է պետական գանձարանը եւ Գառնիով-Դարալագյազով անցել Սյունիք, հետո՝ շահական Պարսկաստան:
Մի տեղ Գարեգին Նժդեհը թռուցիկ պատմում է, որ Թավրիզում մտրակածեծ է արել Վրացյանի կառավարության երկու նախարարի: Կարելի է ենթադրել, թե ինչու, որովհետեւ հաջորդիվ մեջբերում է Վրացյանի նամակից մի քանի տող: Սպառնալիք, որ եթե Նժդեհը շարունակի խախտել կուսակցական կարգապահությունը, կմնա անոթի:
Մի տեղ էլ Վրացյանը մեջբերում է Լեւոն Շանթի նամակը: Բեյրութում ապաստանած գրողը Հայաստանի վերջին վարչապետին թախանձագին խնդրում է հոգալ Փարիզ տեղափոխվելու եւ այնտեղ հաստատվելու ծախսերը: Ի՞նչ է պատասխանել Վրացյանը՝ չգիտենք: Փաստ է, որ Շանթը մինչեւ կյանքի վերջը բնակվել է Բեյրութում, ուր նաեւ Վրացյանն է տեղափոխվել: Մյուսները ցրվել են աշխարհով մեկ:
Ահա այսպիսի տհաճ պատմություն: Դառը անցյալ: Հիմա Հայաստանի կառավարությունը կարո՞ղ է ՀՅԴ-ին պահանջ ներկայացնել՝ ուր է պետական գանձարանից արտասահման տեղափոխված դրամական միջոցների եւ նյութական արժեքների ծախսի մասին հաշվետվությունը: Ում ի՞նչ բաժին է հասել: ՀՅԴ արխիվներում տեղեկություններ կա՞ն: Եթե կան, թող հրապարակվեն, չկա՞ն, պիտի պատասխանեն, թե ինչու հաշիվ-հաշվարկ չի իրականացվել:
Հաշվետվության պահանջը, որ Ազգային ժողովում դաշնակցական պատգամավորն է բարձրացնում, միանգամայն օրինական է, բարոյական: Բայց եթե ոչ օրինական, ապա հաստատ բարոյական է նաեւ կուսակցական հաշվետվողականությունը: Ժողովրդի առաջ: Սեփական խղճի եւ քաղաքական բարեվարքության առաջ:
Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն Խորհրդի (1990-95) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» գրքի հեղինակն է։