ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը տասներորդ անգամ չընտրվեց Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ։
Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը քվեարկությունից հետո խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին առաջարկեց նոր թեկնածություն առաջադրել։
Իշխանությունները պատրաստում են օրենսդրական փոփոխություն, որով նույն թեկնածուն երկու անգամ չընտրվելուց հետո այլեւս չի կարողանա առաջադրվել։ Գործող օրենքով այս պաշտոնն ընդդիմությանն է, եւ ընդդիմությունը հնգօրյա ժամկետում պետք է առաջադրի նոր կամ նույն թեկնածուին։
Ղազինյանն ավելի վաղ հայտարարել է, թե որոշել է գալ Պաշտպանության հարցերի հանձնաժողով՝ բացահայտելու պատերազմին առնչվող պետական դավաճանության խնդիրը: Հանձնաժողովի իշխանական անդամները նրան մերժում են՝ պատճառաբանելով բանակում ծառայած չլինելու հանգամանքը։ «Արթուր Ղազինյանը չի տիրապետում Զինված ուժերին վերաբերող տարրական հարցերի»,- ասել է իշխանական պատգամավորներից մեկը։