Քրիստոնյա աշխարհի ամենամեծ տաճարներից մեկը՝ Տիգրանակերտի (Թուրքիա, Դիարբեքիր) Սուրբ Կիրակոս եկեղեցին, որ նաեւ Մերձավոր Արեւելքի ամենամեծ հայկական եկեղեցին է, վերաբացվելու է Սուրբ Զատկի տոնին:
«Ալիք Մեդիա»-ն Պոլսո պատրիարքարանից տեղեկացավ, որ պատրիարք Սահակ արք. Մաշալյանն օրերս է վերադարձել Դիարբեքիրից, որտեղ այցելել է Սուրբ Կիրակոս եկեղեցի, այնուհետեւ հանդիպել նահանգապետի եւ նահանգային իշխանության այլ ներկայացուցիչների հետ, որոնք մոտիկից հետեւում են եկեղեցու նորոգման աշխատանքներին:
Հայկական եկեղեցին մեծապես վնասվել էր 2015-ի թուրք-քրդական բախումների ժամանակ, ինչից հետո պատրիարքարանն այն նորոգելու համար բազմիցս դիմել էր պետական մարմիններին, հայերի՝ կառույցը նորոգելու դիմումները հասել էին մինչեւ Թուրքիայի նախագահական գրասենյակ: Տեղեկացանք նաեւ, որ ըստ թուրքական օրենքների՝ Թուրքիայում համայնքային հիմնադրամների ենթակայության տակ գտնվող եկեղեցիների նորոգմանն ու պահպանմանը պետությունը չի միջամտում, այդ գործի ֆինանսական ամբողջ բեռը դրված է հիմնադրամների վրա: Սուրբ Կիրակոս եկեղեցու նորոգումը եզակի դեպքերից է, որի համար թուրքական կառավարությունը գումար է հատկացրել, իսկ հիմնադրամներն իրենց կառույցների միջոցով իրականացնում են շինարարությունը: Հաշվի է առնվել Սուրբ Կիրակոսի պատմական լինելը եւ այն հանգամանքը, որ ինքնատիպ ճարտարապետությամբ հսկա եկեղեցին տարածաշրջանի մշակութային հարստություններից է: Առաջին աշխարհամարտի տարիներին այն արդեն չէր ծառայում հայերին, օգտագործվել է որպես ռազմական շտաբ: 1950-1960-ականներին Դիարբեքիրում մնացած մոտ հազար հայերը եկեղեցում իրենց կրոնական արարողություններն էին կատարում:
Սուրբ Կիրակոս յոթնախորանը կառուցվել է 1376-ին, գտնվում է քաղաքի կենտրոնական՝ երբեմնի հայաշատ Ֆաթիհփաշա թաղամասում: Չնայած քրիստոնեական կառույցի վրա ներդրված հսկայական գումարներին՝ նշվում է նաեւ, որ այդ շրջանում ոչ միայն հայ, այլեւ ընդհանրապես քրիստոնյա համայնքի թիվը բազմակի նվազել է, կառույցի նորոգումն ու պահպանումը կարեւորվում են հիմնականում զբոսաշրջության տեսանկյունից:
Պատրիարքարանը հայտնում է նաեւ, որ սա Սուրբ Կիրակոսի երկրորդ մեծ նորոգությունն է. այն թուրք-քրդական բախումներից առաջ՝ 2011-ին, հիմնանորորգվել էր, եկեղեցում Հայ առաքելական եկեղեցու ծիսակարգով պատարագ էր մատուցվում, բայց 2014-2015 թվականներին Սուր շրջանի այլ պատմական կառույցների հետ միասին հայտնվել էր թուրքական բանակի եւ քրդական ուժերի հակամարտության կենտրոնում, վնասվել էին պատուհանները, տանիքը, պատերը: Նորոգման աշխատանքները վերսկսվել են 2019-ին:
Յոթնախորան եկեղեցու առաջին պատարագը՝ 2022-ի Սուրբ Հարության տոնին, նախատեսվում է, որ ուխտագնացության է վերածվելու հայերի համար:
Պատրիարքարանի հաղորդագրության համաձայն՝ Դիարբեքիրի իշխանությունները բարյացակամություն են հայտնել նորոգելու նաեւ Տիգրանակերտի Սուրբ Սարգիս հայկական եկեղեցին, որն իր ճարտարապետությամբ Սուրբ Կիրակոս եկեղեցու փոքրիկ կրկնօրինակն է: