ՀՀ արդարադատության նախարարությունն առաջարկել է փոփոխություններ անել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում։
Առաջարկվել է աշխատավարձերի 90-120 տոկոսի չափով հավելավճար տալ ՀՀ գլխավոր դատախազին, նրա տեղակալներին եւ Գլխավոր դատախազության Հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազներին:
Ըստ նախագծի` վերոնշյալ պաշտոնները սահմանվել են որպես առանձնակի ռիսկային եւ մասնագիտացում պահանջող։ Ամենաբարձր գործակիցն էլ`120, սահմանվել է ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության աշխատանքները համակարգող տեղակալի համար:
Ընդ որում՝ այս հավելումները վճարվելու են ամիսը մեկ անգամ` աշխատավարձի հետ։
2018-ին ընդունված փոփոխություններից ի վեր ՀՀ գլխավոր դատախազի աշխատավարձի չափը 992 հազար 100 դրամ է, նրա տեղակալներինը` 727 հազար 540 դրամ: