Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 2-ին երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Հայաստան:
ՀՀ ՊՆ-ից հայտնել են, որ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների առանձնազրույցը, որին հաջորդել է հանդիպումն՝ ընդլայնված պատվիրակությունների կազմով։
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին։ Երկուստեք կարեւորվել է տարածաշրջանում լիարժեք խաղաղության հաստատման եւ կայուն զարգացման անհրաժեշտությունը:
Նախարարներն անդրադարձել են նաեւ միջազգային եւ տարածաշրջանային անվտանգության հիմնախնդիրներին, պաշտպանական ոլորտում երկու երկրների համագործակցությանն առնչվող մի շարք հարցերի:
Վրաստանի պաշտպանության նախարարին ավելի վաղ ընդունել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա հայտարարել է, որ Հայաստանը շահագրգռված է Վրաստանի հետ բոլոր ոլորտներում համագործակցության խորացմամբ և հարաբերությունների զարգացմամբ։
Ընդգծելով, որ Վրաստանի վարչապետի, կառավարության հետ երկխոսությունը հիմնված է լիարժեք փոխվստահության վրա, Փաշինյանն այն լավ հենք է համարել ռազմավարական գործակցության զարգացման համար:
Բուրչուլաձեն կարեւորել է համագործակցության շարունակականությունը եւ արդյունավետ գնահատել Հայաստանի պաշտպանության նախարարության հետ գործակցությունը եւ դրա ընդլայնմանը միտված ծրագրերը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել պաշտպանական ոլորտում գործընկերության ամրապնդման եւ տարածաշրջանային նշանակության հարցերի շուրջ:
Այցի շրջանակում Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեի գլխավորած պատվիրակությունն այցելելու է նաեւ Հայոց ցեղասպանության հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին: