Հոկտեմբերի վերջին կիրակին Ալավերդիում նշանավորվեց Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու օծման 20-ամյակի արարողությամբ։ Գուգարաց թեմի առաջնորդ Տ․ Հովնան եպիսկոպոս Հակոբյանի ձեռամբ Սուրբ պատարագ մատուցվեց եւ աղոթք բարձրացվեց հայրենիքի բարօրության համար։ Պատարագին ներկա էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Տ․ Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը, Ախթալայի հոգեւոր առաջնորդ Տ․ Հեթում քահանա Թարվերդյանը։
Հավարտ պատարագի Գուգարաց թեմի առաջնորդը օրհնության գրեր շնորհեց բոլոր այն նվիրյալ անձանց, որոնք քսան տարիների ընթացքում իրենց գործով սատարել են եկեղեցուն։ Նրանք եկեղեցու խաչքավորներն են, տարբեր ոլորտներում գործունեություն իրականացնող մարդիկ։
Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու առաջին խաչքավորը կառուցման նախաձեռնող եւ հովանավոր Վալերի Մեջլումյանն է եղել, նրան Գուգարաց թեմի առաջնորդը որպես նվեր հանձնեց սուրբ Թադեոս առաքյալի աջի նկարը՝ արտապատկերված Նոր Ջուղայի եկեղեցուց։
Ալավերդու Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու քահանա Տ․ Միքայել Շաղոյանը 21 տարի առաջ որպես սարկավագ մասնակցել է եկեղեցու հիմնարկեքի արարողությանը։ Իսկ արդեն հաջորդ տարի՝ 2001 թվականին, երբ Ալավերդիում Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի ձեռամբ օծվում էր նորակառույց եկեղեցին, նույն օրը Էջմիածնում իր քահանայական ձեռնադրությունը եւ օծումն է ստացել։
«Այդ օրն արդեն իսկ համոզված էի, որ պիտի ծառայության գամ այս եկեղեցում։ Որքան ստացվեց ծառայությունը, գնահատողը կլինի Աստված եւ ժողովուրդը։ Այսօր ուրախ եմ այնքանով, որ եկեղեցին բազմամարդ էր, ինչը նշանակում է, որ մարդիկ գիտակցում են եկեղեցու դերը, ներկայությունն իրենց կյանքում։ Նրանք կնքվում, պսակվում են այս եկեղեցում, իրենց տխրություններն անցկացնում են եկեղեցու հետ։ Եվ առհասարակ, այս տարիների ընթացքում եկեղեցին փորձեց հնարավոր բոլոր միջոցներն օգտագործել՝ լինելու մեր զավակների ընտանիքներում»,- պատմում է Ալավերդու հոգեւոր առաջնորդը։
Անկախ եկեղեցական տոներից եւ տարբեր արարողություններից՝ Ալավերդիում կան մի խումբ մարդիկ, որոնք մշտապես ներկա են կիրակնօրյա պատարագներին։ Փոքր բնակավայրում, որտեղ գրեթե բոլորն են միմյանց ճանաչում, դա առավել նկատելի է։ Այդ հավատավորներից է Աստղիկ Դարչինյանը։
«Քառասուն տարի առաջ, երբ տեղացի չլինելով եկա այս քաղաք, շատ զարմացա, որ չորս կողմում գեղեցիկ պատմամշակութային հուշարձաններ, եկեղեցիներ են, եւ ժողովուրդը շատ պասիվ էր։ Այդ վայրեր մարդիկ այցելում էին զբոսաշրջիկների նման։ Հիմա անչափ ուրախ եմ, որ մեր ժողովուրդը վերադառնում է դեպի իր ակունքները, դեպի եկեղեցի եւ շատ հույսեր կապում նրա հետ։ Շնորհավորում եմ բոլորիս եւ վստահ եմ, որ մի օր մարդիկ դուրս կգան վերջին իրադարձություններով պայմանավորված հուսահատ վիճակից եւ կրկին հավատով կմտնեն այս կառույց»,- ասում է Աստղիկ Դարչինյանը։
Տոնական օրը եկեղեցու բակում մատաղ մատուցվեց։ Իսկ որպես օրվա մշակութային մաս ցուցադրվեցին Ալավերդու Ալիկ Պապոյանի անվան գեղարվեստի դպրոցի դասատուների եւ սաների աշխատանքները։ Ելույթ ունեցան Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական դպրոցի երգչախումբը եւ «Լազուր» ժողգործիքների համույթը։
Մասնագիտությամբ լրագրող եմ։ 15-ամյա աշխատանքային գործունեությանս մեծ մասն անցել է հեռուստատեսության ոլորտում՝ Ալավերդու «Անկյուն+3» հեռուստաընկերությունում։