ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն այսօր ընդունել է Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Էրիկա Օլսոնին։
Հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանային անվտանգության եւ կայունության հարցեր: Զրուցակիցներն ընդգծել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորման անհրաժեշտությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի շրջանակում: Այդ առումով, ըստ ՀՀ ԱԳՆ-ի, կարեւորվել է սեպտեմբերին Նյու Յորքում տեղի ունեցած հնգակողմ հանդիպումը:
Քննարկվել է նաեւ արցախյան պատերազմի հետեւանքով ստեղծված հումանիտար իրավիճակը: Հայաստանի ԱԳ նախարարը շեշտել է հայ ռազմագերիների եւ այլ պահվող անձանց հայրենադարձման անհրաժեշտությունը, ինչպես նաեւ ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում Արցախի հայկական կրոնական ու պատմամշակութային ժառանգության պահպանման կարեւորությունը:
Արարատ Միրզոյանը եւ Էրիկա Օլսոնը քննարկել են նաեւ Հայաստան-ԱՄՆ հարաբերություններին վերաբերող հարցեր` կարեւորելով ժողովրդավարական զարգացման, օրենքի գերակայության ամրապնդման, մարդու իրավունքների պաշտպանության, կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում ձեւավորված արդյունավետ համագործակցությունը:
ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի գործերով նորանշանակ փոխտեղակալը Հայաստանից բացի, կլինի նաեւ Ադրբեջանում եւ Վրաստանում՝ տարածաշրջանային համագործակցությունը խթանելու եւ երկկողմ հարցեր քննարկելու նպատակով։
Երեւանում պետքարտուղարի փոխտեղակալը նոյեմբերի 2-4-ը կմասնակցի հարավկովկասյան տարածաշրջանի ԱՄՆ առաքելությունների ղեկավարների համաժողովին։