Երեւանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող շտապբուժօգնության ծառայության 6-րդ ենթակայանի վարորդներն այսօր բողոքի ակցիա են իրականացրել ենթակայանի բակում: Նրանք պահանջել են աշխատավարձի բարձրացում՝ նշելով, որ սա երկար տարիների խնդիր է․ բազմիցս դիմել են տարբեր կառույցների, հանդիպումներ ունեցել Երեւանի քաղաքապետարանի համապատասխան աշխատակիցների հետ, սակայն հարցը լուծում չի ստացել։
Վարորդներին միացել են նաեւ բժիշկները, որոնք նշել են, որ վարորդների պես իրենք էլ են գերծանրաբեռնված աշխատում` չկարողանալով հանգստանալ։
Վարորդներն ասել են, որ 7-10 օր են աշխատում, 24 ժամվա համար վարձատրվում են 11 հազար 300 դրամով, իսկ 10 օրվա համար անգամ մոտավորապես 113 հազար դրամն իրենց չի բավականացնում:
Նրանք ընդգծել են, որ առաջիկայում 6-րդ ենթակայանի վարորդների բողոքին են միանալու նաեւ այլ ենթակայանների վարորդներ։
Վարորդներն արդեն անցել են բնականոն աշխատանքի՝ իշխանություններին 10 օր տալով իրենց խնդրի լուծման համար՝ նշելով, թե այլապես կվերսկսեն գործադուլը։
ՀՀ առողջապահության նախարարությունն անդրադարձել է Երեւանի շտապբուժօգնության ծառայության 6-րդ ենթակայանի վարորդների բողոքի ակցիային՝ ընդգծելով, որ առողջապահական համակարգի ներկայիս գերլարված իրավիճակում անթույլատրելի եւ անընդունելի է աշխատանքն առժամանակ դադարեցնելը:
ԱՆ-նշել է, որ շարունակում է գործակցությունը Երեւանի քաղաքապետարանի հետ եւ պատրաստ է լսելու ու քննարկելու քաղաքապետարանի առաջարկները, որոնք ուղղված կլինեն հարցի լուծմանը՝ վստահ, որ քաղաքապետարանը կապահովի շտապօգնության «1-03» ծառայության բնականոն գործունեությունը: