Գլազգոյում նոյեմբերի 1-12-ն անցկացվող կլիմայի փոփոխության խնդիրներով ՄԱԿ-ի համաժողովում աշխարհի ավելի քան 100 առաջնորդներ այսօր ստորագրել են անտառների պահպանության մասին համաձայնագիր։
Ըստ համաձայնագրի՝ մինչեւ 2030 թվականն անհրաժեշտ է կանխել անտառների ոչնչացումը։ Համաձայնագրի դրույթները հետագայում կմշակեն կառավարությունների համապատասխան պաշտոնյաները:
Աշխարհում ածխաթթու գազի արտանետումների 80 տոկոսի համար պատասխանատու են Մեծ քսանյակի երկրները: Բնության համար ավերիչ գազն արտադրվում եւ մթնոլորտ է մղվում հանածո վառելիքի՝ նավթի, գազի եւ ածխի կիրառման հետեւանքով՝ ստեղծելով «ջերմոցային էֆեկտ»:
Գլազգոյի գագաթնաժողովում քննարկվում են արտանետումները զսպելու եւ այդպիսով գլոբալ տաքացումը սահմանափակելու հարցերը: Նպատակն է մինչեւ 2100 թվականն աշխարհում միջին ջերմաստիճանն իջեցնել 1,5 աստիճանով եւ հասցնել նախաարդյունաբերական դարաշրջանի ցուցանիշին:
Գագաթնաժողովում Մեծ քսանյակի երկրների ղեկավարներից բացի ներկա են ավելի քան 100 երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ։ Սակայն ներկա չեն աշխարհում արտանետումների ծավալով առաջին եւ չորրորդ տեղերը գրավող երկրների՝ Չինաստանի եւ Ռուսաստանի նախագահները՝ Սի Ծինպինն ու Վլադիմիր Պուտինը:
Բանախոսները նշում են, որ այսօր որոշվում է Երկիր մոլորակի ապագան, իրավիճակը ծանր է, եւ կտրուկ միջոցներ չձեռնարկելու դեպքում կարող են առաջանալ անդառնալի փոփոխություններ:
Գլազգոյի միջազգային գագաթնաժողովը, պետական գործիչների, գիտնականների եւ բնապահպանների համոզմամբ, ճակատագրական նշանակություն ունի մոլորակի համար: Հարթակի առաքելությունն է Կլիմայի փոփոխությունների մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի իրականացումը: