ՌԴ ԱԳՆ-ից հայտնել են, որ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել։ Արտգործնախարարները քննարկել են Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների 2020-ի նոյեմբերի 9-ի եւ 2021-ի հունվարի 11-ի պայմանավորվածությունների իրականացման ընթացքը։
«Տեսակետների ճշգրտում է իրականացվել հայ-ադրբեջանական սահմանին լարվածության թուլացման, Հարավային Կովկասում տրանսպորտային եւ տնտեսական բոլոր կապերի ապաշրջափակման, տարածաշրջանային համագործակցության համար բարենպաստ մթնոլորտի ստեղծման հարցերի շուրջ»,- ասված է ՌԴ ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ։
ՌԴ արտգործնախարարն ընդգծել է Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունների քաղաքական եւ դիվանագիտական կարգավորման ուղղությամբ ջանքերը շարունակելու կարեւորությունը։
Ըստ Բաքվի՝ Լավրովն ու Բայրամովը կարծիքներ են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջ՝ ընդգծելով «3+3» ձեւաչափի գործարկման կարեւորությունը։ Արտգործնախարարները քննարկել են նաեւ տարածաշրջանային ապաշրջափակման՝ Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետների աշխատանքային խմբի գործունեությունը։