Այսօր՝ օրվա երկրորդ կեսին, Արցախի Մարտունու շրջանի Կարմիր Շուկա համայնքի ուղղությամբ ադրբեջանական բանակի առաջատար ստորաբաժանումները հրաձգային զինատեսակներից անկանոն կրակ են բացել։
Ըստ «Արցախպրես»-ի՝ Արցախի ՊԲ մամուլի խոսնակ Սուրեն Սարումյանը նշել է, որ նախնական տվյալներով տուժածներ չկան, դեպքի մասին տեղեկացրել են Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
Մարտունու քաղաքապետ Էդիկ Ավանեսյանը եւս ավելի վաղ հայտնել է, որ ադրբեջանական կողմն այսօր կրակել է Արցախի Սարգսաշեն համայնքի ուղղությամբ։ Ավանեսյանը նշել է, որ կրակոցները տների ուղղությամբ չեն եղել։
«Երկու կրակոց է եղել, այն էլ՝ հեռու։ Նպատակային կրակոց չի եղել»,- ըստ «Սպուտնիկ Արմենիայի»՝ ասել է Մարտունու քաղաքապետը։ Նա շեշտել է, որ կրակոցների հետեւանքով համայնքին որեւէ վնաս չի պատճառվել։