ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնել է, որ Հայաստանում կորոնավիրուսի դեմ կատարվել է 817290 պատվաստում. առաջին դեղաչափը ստացել է ավելի քան 562 հազար, երկրորդ դեղաչափը՝ 254 հազար քաղաքացի:
Ըստ նախարարի՝ կորոնավիրուսի դեմ պատվաստման առաջին դեղաչափը ստացել է չափահաս բնակչության 28 տոկոսը, իսկ ամբողջությամբ պատվաստվել է 12 տոկոսը:
Անահիտ Ավանեսյանն ընդգծել է, որ Հայաստանի առողջապահական համակարգը պատրաստ է օրական մինչեւ 30 հազար պատվաստում իրականացնել:
Նախարարը հավելել է, որ վերջին մեկ ամսում պատվաստման տեմպերի կտրուկ աճ, իսկ վերջին շաբաթներին օրական ինտենսիվ պատվաստումային ընթացք է նկատվում:
Կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում
Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը հրապարակել է Հայաստանում կորոնավիրուսային վարակի վերաբերյալ վերջին մեկ օրվա տվյալները: Ըստ այդմ՝ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 2045-ով եւ դարձել 312674:
Այս պահին փաստացի բուժում է ստանում 31263 մարդ, կատարվել է 312674 թեստավորում (+13184), վարակվածներից 273608-ը (+1276) առողջացել են: Վերջին մեկ օրում կորոնավիրուսը խլել է 50, ընդհանուր՝ 6491 մարդու կյանք: Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվն ավելացել է 7-ով եւ դարձել 1312։