Արաբական ԶԼՄ-ները հաղորդում են, որ հրդեհի զոհ է դարձել Եգիպտոսի կինոարվեստում մեծ դեր ունեցած Կահիրեի «Նասիբյան» ստուդիան: Հրդեհի պատճառը հայտնի չէ, սակայն 1930-ականներին հիմնված պատմական ստուդիան լրջորեն վնասվել է, իրավապահ մարմինները հետաքննություն են սկսել:
«Նասիբյան» ստուդիան Եգիպտոսի մայրաքաղաքի կենտրոնում գտնվող Ֆագգալա թաղամասում է, որտեղ զարգացել է եգիպտական կինոարդյունաբերությունը:
Ստուդիան հիմնել է Եգիպտոսի հայկական համայնքի այն ժամանակվա ղեկավար Հրանտ Նասիբյանը եւ այն վաճառել 1952-ի հեղափոխությունից հետո՝ արտագաղթելով երկրից: Հրանտ Նասիբյանի անունը նույնպես կապվում է եգիպտական կինոյի հետ. նա Կահիրեի իր ստուդիայում հայտնի ֆիլմեր է կրկնօրինակել եւ վաճառել, հետո սկսել կինոարտադրությամբ զբաղվողներին վարձով տալ իր տարածքը՝ ակամայից մասնակից դառնալով 1940-1960-ականների եգիպտական կինոյի ոսկե դարաշրջանի կերտմանը: «Նասիբյան» ստուդիայում 140 ֆիլմ է նկարահանվել, որոնց մեջ եգիպտական կինոյում հայտնի անուններ կան՝ «Նեղոսի հարսնացուն», «Ֆաթվա», «Շաֆիկա եւ Մեթվալի», «Թոռնիկը», «Բաբ ալ Հադիդ» եւ այլն:
Հետագայում «Նասիբյան»-ը գնել է Եգիպտոսի Ճիզվիտական միաբանությունը, որը ստուդիան դարձրել էր շրջիկ թատերախմբերի եւ նորակազմ թատրոնների համար հանդես գալու վայր: Ընկերության տնօրենը մամուլին ասել է, որ հնագույն կառույցի հրդեհով փակվեց Եգիպտոսի կինոպատմության էջերից մեկը: