Կառավարության շենքի մոտ ժամեր շարունակ բողոքի ցույց անցկացնող Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում զոհված եւ անհայտ կորած զինծառայողների ծնողները վարչապետ Փաշինյանի հետ հանդիպում էին պահանջում:
Հարազատներից մի քանիսին ընդունել է փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը։ Հանդիպման ընթացքում ոստիկանները բողոքի ցույցի ակտիվ մասնակիցներից մեկին բերման ենթարկեցին ոստիկանության բաժին։
Զոհված եւ անհայտ կորած զինծառայողների հարազատներն ավելի վաղ փակել էին Հանրապետության հրապարակից դեպի Տիգրան Մեծ պողոտա տանող ճանապարհը: Ոստիկանների հետ շուրջ 2 ժամ տեւած բանակցություններից հետո բացել են։
Վարչապետի օգնական Գագիկ Իսախանյանը հայտնել էր, որ Փաշինյանն այսօր խիստ գրաֆիկ ունի եւ մինչեւ երեկոյան 21.00–ն հանդիպումների է։ Ծնողներն էլ խոստացել են, որ իրենց բողոքի ցույցերը շարունակական կլինեն։