ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը կողմ է Ադրբեջանի ու Թուրքիայի նախագահների առաջարկած «3+3» տարածաշրջանային խորհրդատվական մեխանիզմի ստեղծման գաղափարին: Խոսքը վերաբերում է Հարավային Կովկասի երկրներին ու նրանց հարեւաններին` Ադրբեջան, Վրաստան, Հայաստան, Ռուսաստան, Իրան, Թուրքիա։
Ըստ Զախարովայի՝ ժամանակն է, որ այդ ծրագրերը գործնական հարթություն տեղափոխվեն։ Նա հավելել է, որ տարածաշրջանային համագործակցության բազմակողմ զարգացումը համապատասխանում է այդ ձեւաչափի ենթադրյալ բոլոր մասնակիցների շահերին:
ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցչի կարծիքով «3+3»-ի գործարկումը կնպաստի միջպետական հարաբերություններում վստահության բարձրացմանը, կուտակված հակասությունների կարգավորմանը, տարածաշրջանի տնտեսական, տրանսպորտային ներուժի բացահայտմանը:
Ըստ նրա՝ ձեւաչափն ընդհանուր առմամբ կարող է ինչպես հին խնդիրների, այնպես էլ նոր մարտահրավերների լուծում առաջարկել։
Ավելի վաղ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Իրանի գործընկերոջ՝ Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ կողմերը քննարկել են «3+3» ձեւաչափի ստեղծման հնարավորությունը։ Լավրովը նշել էր, որ Իրանը, ինչպես Թուրքիան ու Ադրբեջանը, դրական է վերաբերվում այս նախաձեռնությանը։
Ակտիվ աշխատանք է տարվում նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում
Զախարովան նշել է նաեւ, որ մեկ տարի առաջ երեք երկրների ղեկավարների կողմից լիակատար հրադադարի եւ ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողությունների դադարեցման մասին հայտարարության բոլոր ուղղություններով աշխատանքը շարունակվում է։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ Երեւանում եւ Բաքվում բարձր են գնահատում ռուս խաղաղապահների դերը, առանձին միջադեպերը կարգավորվում են երկու կողմերի հետ շարունակական փոխգործակցության միջոցով։ Ջանքեր են գործադրվում տրանսպորտային կապերի ապաշրջափակման ուղղությամբ:
Մարիա Զախարովան հավելել է, որ շարունակվում են շփումները երեք երկրների ԱԳՆ-ի, պաշտպանության նախարարության, սահմանապահ ծառայությունների գծով՝ սահմանային միջադեպերի կարգավորման նպատակով:
Ըստ նրա՝ Ռուսաստանը նաեւ խնդրի համալիր լուծում է տեսնում հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացի շուտափույթ մեկնարկը՝ դրան հաջորդած սահմանագծմամբ։ Զախարովան հայտնել է նաեւ, որ ակտիվ աշխատանք է տարվում նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում։