Այսօր մի լուր կարդացի Ստեփանակերտի համալսարանում բացված ադրբեջանագիտության կենտրոնի մասին։ Եթե դա տեղի ունեցած լիներ մինչեւ 2020 թվականի սեպտեմբերի 27-ը, շատ կուրախանայի եւ կասեի՝ վերջապես։
Վերջապես, որովհետեւ Արցախի հասարակական-քաղաքական կյանքում ազդեցություն ունեցող ծանոթներիս տարբեր առիթներով հարցրել եմ՝ ինչո՞ւ չեք ուսումնասիրում հակառակորդին, ինչո՞ւ Արցախում չկան ադրբեջաներենին վարժ տիրապետող մարդիկ, թարգմանիչներ, եւ պատասխանը եղել է չափազանց կանխատեսելի. «Դրանք ի՜նչ են, որ ուումնասիրենք», «Դրանց ի՞նչն ուսումնասիրենք»։
Կանխատեսելի, որովհետեւ դեռ խորհրդային ժամանակներում, իսկ ստատուս քվոյի էպոխայում՝ առավել եւս, մենք ապրել ենք բյուրեղյա մի համոզմամբ, որ մեր հարեւանը, հետո՝ մեր հակառակորդը, մի խոսքով՝ մեր թշնամին ապամշակութային է։
Ադրբեջանցի մի մտավորական, որի հետ աշխատում էինք նույն նախագծում, ճամփորդում Եվրոպայում, գործից ազատ ժամերին խոսում էր հայոց պատմությունից, տալիս պատմիչների անուններ, որոնց ծանոթ չէ միջին վիճակագրական հայ գրագետը։
Հարցիս՝ ինչպե՞ս է գտել, ասենք, 17-րդ դարի պատմիչ, մատենագիր Զաքարիա Քանաքեռցու «Պատմագրութիւն»-ը, նա հպարտորեն նշում էր հրատարակչին եւ տարեթիվը՝ «Москва, Наука, 1969»։
Ինքը մեր մասին կարդացել էր այն ամենն, ինչ կար ռուսերեն, եւ էլի բաներ, որոնք խորհրդային մայր լեզվով թարգմանված չէին։ Ասում էր, որ Ադրբեջանի գիտությունների ակադեմիայում աշխատող մի ծանոթից պարբերաբար ստանում էր Հայաստանի եւ հայերի վերաբերյալ նյութեր, որոնք հայերենից ադրբեջաներեն էին թարգմանվել, ինչպես այն ժամանակ էին ասում՝ для служебного пользования (ծառայողական օգտագործման համար)։
Ո՞վ եւ ինչո՞ւ է թարգմանել մեր պատմամշակութային ժառանգությունը՝ չեմ կարող ասել, բայց ենթադրելի է, որ Ադրբեջանում Հայաստանն ու հայերին ուսումնասիրել սկսել են վաղուց։ Եվ ռազմաճակատից, պաշտոնական քարոզչությունը շրջանցելով, մեզ հասնող լուրերը մաքուր հայերեն խոսող ադրբեջանցի դիվերսանտների մասին փաստում էին մշակութային այս արարքը նախաձեռնողների հեռատեսությունը։
Չէ՛, դիվերսանտները հաստատ Առաքել Դավրիժեցի կամ Կիրակոս Գանձակեցի կարդացած տղերք չէին, բայց անհերքելի է, որ նրանց վարժարանը հիմնել են «Հարեւանիդ ճանաչի՛ր» սկզբունքով կրթված մարդիկ։
Լավ է, շատ լավ է, որ Ստեփանակերտի համալսարանում ադրբեջանագիտության կենտրոն է բացվում, բայց արդյոք սա մանանեխ չէ՞ ճաշից հետո։ Եվ արդյո՞ք կենտրոնն իսկապես է ծառայելու հարեւանին (հակառակորդի, թշնամու) ճանաչելու գործին, թե՞ երիտասարդ արցախցիները բարերարի նվիրած համակարգիչների էկրաններին փնտրելու են ադրբեջանցի երեք ջահելի զգետնած մոսկվահայ Դիանա Մարտիրոսյանի փառքը։
Ի դեպ, Ադրբեջանի կրթության նախարարը խելք ունենար, կողջուներ այս նախաձեռնությունը եւ անգամ ֆինանսավորման առաջարկ կաներ՝ դրանում տեսնելով ազգային մշակութային տարածքի ամբողջականացման հեռանկար։
Իմ կրոնն ու դավանանքը խոսքն է։ Ուժին, սպառազինությանը, քաղաքական խարդավանքներին ու նման բաներին չեմ հավատում։ Պետք է խոսենք, համոզենք իրար, եթե անգամ դա անհնար է թվում։