Ֆրանսիական «Nouvelles d’Arménie» ամսագրին տված հարցազրույցում, անդրադառնալով Թուրքիայի հետ հարաբերությունների վերաբերյալ Հայաստանի դիրքորոշմանը, ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ Հայաստանի ու Թուրքիայի միջեւ այս պահին որեւէ բանակցային գործընթաց դեռ չի ընթանում:
«Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը, փակ սահմանները, ինչպես նաեւ 44-օրյա պատերազմում Թուրքիայի բացահայտ ներգրավվածությունը, այս օրերին Թուրքիայից այսպես կոչված «Զանգեզուրյան միջանցքի» վերաբերյալ հնչող հայտարարությունները իրենց բացասական ազդեցությունն են ունենում տարածաշրջանում կայունության վրա»,– ասել է Միրզոյանը։
Նա հիշեցրել է նաեւ, որ վարչապետ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, թե հարաբերությունների կարգավորման՝ Թուրքիայի պատրաստակամության եւ համապատասխան գործողությունների դեպքում Հայաստանը պատրաստ է քննարկելու երկկողմ հարաբերությունների կառուցման հնարավորությունները։