Բելառուսի տրանսպորտի եւ հաղորդակցությունների նախարարության ավիացիայի դեպարտամենտի տնօրեն Արտյոմ Սիկորսկին հայտնել է, որ Մինսկը մտադիր է հանդես գալ Միութենական պետության կամ ԵԱՏՄ-ի շրջանակում միացյալ ավիակարգավորիչ ստեղծելու նախաձեռնությամբ։
Ըստ Sputnik Բելառուսի՝ պաշտոնական Մինսկը միասնական կարգավորիչ ստեղծելու մտքին է հանգել բելառուսական ավիացիայի նկատմամբ սահմանված պատժամիջոցների ֆոնին։
Եվրոպական երկրները Մինսկի ազգային օդանավակայանում «Ryanair» ավիաընկերության ինքնաթիռի վայրէջքից հետո Բելառուսի դեմ ավիացիոն պատժամիջոցներ են սահմանել: ԵՄ-ի կարծիքով` Մինսկը ստիպել է, որ ինքնաթիռը, որում եղել է ընդդիմադիր Ռոման Պրոտասեւիչն իր ընկերուհու՝ Սոֆյա Սապեգայի հետ, հորինված պատրվակով վայրէջք կատարի իր օդանավակայանում:
Սիկորսկին Մինսկում հավելել է, որ այդ պատժամիջոցները ստիպում են մտածել ավիացիոն միացյալ ադմինիստրացիայի ստեղծման հարցերն արագացնելու մասին։ Ըստ նրա՝ դա վերաբերում է կա՛մ ԵԱՏՄ–ի, կա՛մ Միութենական պետության շրջանակում կարգավորիչ ստեղծելուն ։
Սիկորսկին նշել է նաեւ, որ Բելառուսի ու Ռուսաստանի ինտեգրման խորացման ճանապարհային քարտեզների փաթեթի իրականացման կապակցությամբ երկրները կբախվեն նման ավիացիոն ադմինիստրացիայի ստեղծման հարցին։
Սիկորսկին միաժամանակ արդիական է համարել «արեւմտյան գործընկերներից բխող՝ ավիացիոն ծայրահեղականությանը հավաքական պատասխան տալու հարցը»: