Բժշկական «The Lancet» բրիտանական ամսագիրը հրապարակել է կորոնավիրուսի դեմ Գամալեայի անվան կենտրոնի մշակած միաբաղադրիչ «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութի ուսումնասիրության արդյունքները։
Որպես հովանավոր հանդես եկող Ուղիղ ներդրումների ռուսական հիմնադրամը հատվածներ է ներկայացրել աշխատանքից. «Դեղամիջոցն ուժեղ հումորալ եւ բջջային իմունային պատասխան է ձեւավորում ինչպես կորոնավիրուսի հետ չբախված անձանց, այնպես էլ արդեն իսկ կորոնավիրուսով վարակված մարդկանց մոտ»:
Ուղիղ ներդրումների ռուսական հիմնադրամը հայտնել է, որ փորձի մասնակիցների մեծ մասի մոտ կողմնակի ազդեցությունները մեղմ կամ միջին են եղել, գիտնականները անցանկալի լուրջ երեւույթներ չեն արձանագրել։
Ուսումնասիրություններին մասնակցել է 18-59 տարեկան 110 կամավոր, որոնցից 13-ի մոտ դեռ փորձերից առաջ SARS-CoV-2–ի նկատմամբ հակամարմիններ են հայտնաբերվել։ Մասնագետները նրանց հետազոտություններն ուսումնասիրել են պատվաստվելուց 42 օր անց։ Կենտրոնի մասնագետներն իրականացրել են կլինիկական փորձարկումների 1-ին եւ 2–րդ փուլերը։
Ավելի վաղ ամսագիրը բարձր գնահատական էր տվել «Սպուտնիկ V» պատվաստանյութին, հոդվածում նշվում էր, որ կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութը ոչ միայն արդյունավետ է հիվանդության դեմ պայքարում, այլեւ անվտանգ է կիրառման համար։