Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) շաբաթական զեկույցում նշված է, որ ավելի քան մեկ ամիս է՝ Եվրոպայում աճում են կորոնավիրուսի տարածման տեմպերը։ Բացասական գնահատականները հիմնականում կապված են Ռուսաստանում, Թուրքիայում, Ռումինիայում եւ Մեծ Բրիտանիայում հիվանդացության բարձր մակարդակի հետ:
Միացյալ Թագավորությունում օրական ավելի քան 40 հազար նոր դեպք է գրանցվում։ Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ կառավարության գլխավոր գիտական խորհրդական Ջոնաթան Վան-Թամը նշել է, թե երկրին սպասում է եւս մի քանի դժվարին ամիս։ Բայց կառավարությունը մտադիր չէ նոր սանիտարական սահմանափակումներ մտցնել, հատկապես՝ Սուրբ Ծննդյան տոներին:
Ռումինիայում ՔՈՎԻԴ-19-ով հիվանդների համար հիվանդանոցներում մահճակալների պակաս կա՝ համավարակի աճի պատճառով։ Մարդիկ բառացիորեն օր ու գիշեր մեքենաների մեջ են՝ սպասելով վերակենդանացման բաժանմունք ընդունվելուն։ Մինչ այդ նրանք թթվածին են ստանում ավտոկայանատեղիներում:
Ռուսաստանի իշխանությունները վերաբացում են ժամանակավոր հիվանդանոցները։ Մերձմոսկովյան «Պատրիոտ» պուրակում պաշտպանության նախարարությունը տեղակայել է 600 մահճակալով զինվորական հոսպիտալ ՔՈՎԻԴ-19-ով հիվանդների համար՝ 20 վերակենդանացման բաժանմունքով։ Երկրում երեկ կորոնավիրուսից մահացության հերթական ռեկորդն է գրանցվել՝ 1189 դեպք մեկ օրում։