Վարչապետն այսօր ասել է, որ Հայաստանում հազարավոր թափուր աշխատատեղեր կան։ Իբր հայաստանցիները չգիտեն։ Բոլորն էլ գիտեն, որ ֆիզիկական աշխատանք պահանջող մասնագիտություններում հաստատ թափուր տեղեր կան։
Օրինակ՝ շինարարության մեջ։ Հատկապես, որ շինարարությունը նոր թափ է հավաքելու մեր երկրում նոր մարտահրավերների պատճառով, ասենք՝ սահմաններին, ճանապարհներին։ Բայց մարդիկ չեն շտապում գնալ աշխատանքի, հասկանո՞ւմ եք։ Ու պատճառն այնքան ակնհայտ է։ Հայաստանում աշխատավարձը գոյապահպանական է։ Եթե նախարար, պատգամավոր, դատական, բարձրագույն տեխնոլոգիական կամ բանկային աշխատող չես, ուրեմն մոռացի՛ր արժանապատիվ աշխատավարձի մասին։ Մոռացի՛ր, որովհետեւ Հայաստանում վարկային տոկոսները սահմանված են հենց գոյապահպանական աշխատավարձի հիմքի վրա։ Բանկերը ոչ մի երաշխիք չունեն, որ աշխատավարձով մարդն ի վիճակի է մինչեւ 20 տարի փակելու բնակարանի վարկը։ Ուստի այնպիսի տոկոսներ են դնում, որ վնասները մեծ չլինեն։
Սա գիտի՞ վարչապետը։ Արդեն չգիտեմ, որովհետեւ երեքուկես տարի է այդ մարդը վարկ չի փակում, մոռացած կլինի։ Ի՞նչ է ուզում ասել՝ թափուր աշխատատեղեր կան։ Գյուղերում ուսուցիչների թափուր տեղեր կան։ Ինչո՞ւ նույնիսկ կրթություն չստացածը չի վազում գյուղ։ Շատ պարզ պատճառով. ի՞նչ տարբերություն, թե որտեղ վատ կապրի։ Եթե քաղաքում վատ է ապրում, ինչո՞ւ քաղաքային ծանր կյանքը փոխի գյուղի ծանր կյանքով։ Ինքնազբաղ գյուղատնտեսը չգիտի, թե ինչ անի իր դեղձի կամ ծիրանի բերքը։ Ի՞նչ անի։ Գործարանները կիլոգրամի համար գոյապահպանական գին են առաջարկում, նրանք օրինաչափորեն թքած ունեն արժանապատիվ գնի վրա։ Նրանք գիտեն, որ գյուղացին ուրիշ տարբերակ չունի, հո չի՞ թափելու բերքը։
Ու ի՞նչ է անում հայաստանցին։ Ճիշտ է, արտագաղթում է։ Որովհետեւ դրսում ավելի հեշտ է գտնել այնպիսի աշխատանք, որը կօգնի լուծելու այստեղի խնդիրները։ Մարտունեցիներից լավ սա ոչ մեկը չի ասի, այնտեղ Ռուսաստանում աշխատած փողերով այնպիսի բնակարաններ են կառուցում, որ Վանո Սիրադեղյանի երեւանյան տունը դրանց մոտ հյուղակ է։ Թափուր աշխատատեղ ասվածը գրեթե ոչնչով չի տարբերվում «աշխատանք չկա» արտահայտությունից։ Այսինքն, հարգելի՛ իշխանություն, քո խաղադրույքը ո՞րն է՝ որ հայաստանցին սոված չմեռնի՞։ Բայց հայաստանցին ամեն օր լսում է, թե ինչպես է կառավարությունը պատգամավորի կամ դատախազի ու նրա տեղակալների համար «ձեռի փող» դասավորում։
Գրեթե ամեն ամիս ՊԵԿ-ի նախագահը զեկուցում է, թե աննախադեպ հարկահավաքություն ունենք։ Եվ ի՞նչ։ Ո՞ւմ կյանքն է դրանից լավացել, միայն Արտակ Դավթյանի, բոլոր պատգամավորների, դատավորների կյանքը։ Եվ երբ ասում եք, որ հազարավոր թափուր աշխատատեղեր կան, ո՞ւմ եք հիմարի տեղ դնում։ Գնացե՛ք ինքներդ էդ աշխատատեղերի առաջարկած աշխատավարձով աշխատեք։ Էդ հազարավոր աշխատատեղերի առաջարկած մի քանի ամսվա աշխատավարձը միասին վերցրած չի հասնի ԿԲ նախագահի, նրա տեղակալների, նախարարների մեկ ամսվա աշխատավարձին։
Ընդամենը այսքան բան։
Ժամանակի ընթացքում հասկանում ես, որ Աստված քեզ ստեղծել է այնպիսին, որ ինքը լինի: Ճիշտ այդպես նա ստեղծել է փողոցային շանը: Երբ դու կերակրում ես նրան, Աստված կա, երբ չես կերակրում, չկա, հասկանում ես, որ մարմինն արդեն իսկ հնարավորություն է, երկրորդ այդպիսի հնարավորություն չի լինելու: