Հռոմում տեղի ունեցած G20 գագաթնաժողովից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկին օրակարգ է բերել իտալա-ֆրանսիական նոր սերնդի SAMP/T հեռահար ՀՕՊ համակարգերի արտադրության ծրագրին Թուրքիայի մասնակցության հարցը։
Էրդողանը գագաթնաժողովից հետո հայտարարել է, որ Ֆրանսիա-Իտալիա-Թուրքիա եռյակը դրական քայլեր է անելու պաշտպանական արդյունաբերության ոլորտում, մասնավորապես SAMP/T ՀՕՊ համակարգերի հարցում։ Ըստ նրա՝ այդ քայլերով երկու երկրների հետ Թուրքիայի առեւտրաշրջանառությունն ավելի կաճի։
Ըստ թուրքական «Cumhuriyet» կայքի դիտարկման՝ արտադրությանը Թուրքիայի մասնակցության հարցում որոշիչ է լինելու Ֆրանսիայի դիրքորոշումը, որն արդեն Հունաստանի հետ պաշտպանական ոլորտում համագործակցության պայմանագիր է կնքել։
Թուրքիան SAMP/T համակարգերի արտադրությունն իրականացնող իտալա-ֆրանսիական «Eurosam» կոնսորցիումի հետ համատեղ արտադրության մասին համաձայնագիր էր ստորագրել 2018-ի հունվարին։ Թուրքիան այդ պայմանագիրը չեղյալ էր հայտարարել 2021-ի մարտին։