Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» լիամետրաժ խաղարկային ֆիլմը Օնտարիոյի (Կանադա) միջազգային կինոփառատոնի չորս («Լավագույն ձայն», «Լավագույն երաժշտություն», «Լավագույն սցենար», «Լավագույն միջազգային ֆիլմ») անվանակարգերում ճանաչվել է լավագույնը։
Ֆիլմը պատմում է գերմանացի լրագրող Ռոբերտ Ստերնվալի մասին: Վերջինս 2016-ին վերադառնում է Արցախ՝ լուսաբանելու 22 տարվա ընդմիջումից հետո վերսկսված պատերազմը։ Լրագրողական հետաքննության ընթացքում ծանոթանում է օպերային երգչուհի Սոֆյա Մարտիի հետ։
Նրանց հաճախակի հանդիպումներն արթնացնում են սիրո զգացմունքը: Պարզվում է՝ Սոֆյան անհայտ կորած ֆոտոլրագրող Էդգար Մարտիրոսյանի դուստրն է, որին 1992-ին՝ Թալիշի անկման օրը, Ռոբերտը թողել էր գյուղում՝ գերեվարված, ապա յուրացրել նրա՝ մարտի դաշտում արված լուսանկարները…