«Ալիք Մեդիան» հրապարակել է 1,4 միլիարդ բնակչությամբ Չինաստանում եւ 2,5 միլիոն բնակչությամբ Հայաստանում քովիդային իրավիճակի վերաբերյալ համեմատությունը (հեղինակ՝ Ռոբ Մանուկյան)։ Համեմատությունը, բնականաբար, մեր օգտին չէ. փաստերն ահավոր տխուր են։ Սարսափելի տխուր։ Իսկ ովքե՞ր են մեղավոր՝ ըստ կառավարության։ Բնականաբար, անհասկացող բնակչությունը, բայց ո՛չ իրենք, ո՛չ կառավարությունը, ո՛չ «վսեմաշուքը»։ Երբե՛ք։ Իրենք անսխալական են։ Դրա համար, ըստ իրենց, պետք է անընդհատ նոր խստացումների գնալ։
Իհարկե, շատ հեշտ է իրավիճակի մեղքը գցել բնակչության անտարբերության, թքողական վերաբերմունքի, սանիտարական կանոնները չպահպանելու, իշխանությունների պահանջներին անպայման ընդդիմանալու եւ այլնի վրա։ Այո՛, դա կա։ Այո՛, դա չպետք է արդարացնել։ Բայց հարցնենք. «Իսկ ի՞նչ է արել կառավարությունը, որ բնակիչը, եթե չենթարկվի էլ, ապա գոնե լսի իր հորդորը, հետեւի իր խորհուրդներին՝ դիմակ կրի, պատվաստվի եւ այլն»։ Բացի ինչ-որ անիմաստ խստացումներից՝ համոզելու լուրջ փորձ արե՞լ է։
Չգնանք ամենասկիզբը՝ երբ խոստանում էին պինցետով հանել, արաղով բուժել։ Չեմ անդրադառնալու նաեւ համաճարակի թունդ պահին «գունագեղ» միջոցառում անցկացնելուն, թեեւ բացառված չէ, որ վերջին սրացումները նաեւ այդ «գունագեղով» էին պայմանավորված։ Ես ուզում եմ իմ մասնագիտական՝ տեղեկատվական տեսակետից նայել եւ անդրադառնալ միայն պատվաստման քարոզչությանը։
Ի՞նչ կաներ նորմալ իշխանությունը, երբ տեսներ, որ իր քայլերը չեն ազդում, բնակչությունը շարունակում է անտարբեր մնալ, դիմադրել։ Նա ոչ թե լրատվամիջոցների հետ առճակատման կգնար այս դժվար պահին, այլ, մի կողմ դնելով մամուլից վախերն ու նրա նկատմամբ կանխակալությունը, կհավաքեր ամենաազդեցիկ՝ իր կողմնակից, իրեն ընդդիմադիր, անգամ իրեն ամենից շատ քննադատող ու հայհոյող ԶԼՄ-ների ղեկավարներին եւ կասեր.
— Ժողովո՛ւրդ, համաձայն ենք, քննադատեք մեզ ինչքան ուզում եք, հետաքննեք, բացահայտումներ արեք, վիրավորեք։ Մենք էս պահին ձեր դեմ պայքարի, նաեւ սահմանափակումներ նախատեսող օրենքներ ընդունելու մորատորիում ենք հայտարարում։ Միայն խնդրում ենք՝ օգնեք պատվաստումը պրոպագանդելու հարցում։ Մենք կտանք իսկական գիտական նյութեր, կտանք սոցիալական գովազդ, կվճարենք դրա համար։ Սա էսօր Հայաստանի համար իրոք շատ մեծ խնդիր է, սպառնալիք, որ չի հարցնում իշխանություն ու ընդդիմություն։ Վարակվելուց ու մահերից ոչ մեկս ապահովագրված չէ։
Վստահ եմ, որ լրատվամիջոցների 99 տոկոսը կհամաձայներ նման համագործակցության, մանավանդ, եթե պետությունը պարտավորվեր նաեւ վճարովի նյութեր տրամադրել։ Մամուլը մի լավ օրի չէ, եւ լրացուցիչ եկամուտը չէր խանգարի։
Իսկ ի՞նչ արեցին մեր իշխանությունները, որ գոնե այս հարցում լրատվամիջոցները դառնան դաշնակից։ Ոչինչ։ Ավելին՝ անընդհատ թշնամացան մամուլի հետ ու թշնամացրին նրան։
Լրատվամիջոցներին հայտարարել են իրենց թիվ մեկ թշնամի եւ անիմաստ ու տգետ օրենքներով փորձում են սաստել նրանց, պայքարել նրանց դեմ։ Գործեր են թխում, լրագրողների շարժն են սահմանափակում, քննադատությանը պատասխանում են, թե «դեղին եք», քարոզչության համար փող ծախսելու փոխարեն իրենց գարեջրի փողն են ավելացնում։ Բանն էնտեղ է հասել, որ Ազգային ժողովի պատգամավորը, որն իրեն խոսքի ու մամուլի ազատության կարկառուն մասնագետ է համարում, հրաժարվում է լրագրողի հարցին պատասխանելուց, ինչ է թե նրա ներկայացրած լրատվամիջոցը իրենց նկատմամբ քննադատաբար է տրամադրված։ Ավելի մեծ տգիտություն հնարավոր չէ պատկերացնել։ Ու էսքանից հետո ուզում են, որ մամուլը քովիդի դեմ պայքարում դառնա իրենց դաշնակի՞ցը։
Չի դառնա։
Իսկ ի՞նչը եղավ մամուլին դաշնակից դարձնելու փոխարեն նրան թշնամացնելու հետեւանքը։ Լրատվամիջոցները մեծ ուշադրություն չդարձրին ու չեն դարձնում պատվաստումը պրոպագանդելուն։ Էստեղից-էնտեղից ինչ-որ բան հայթայթում են, ինչ-որ բաներ հրապարակում, բայց ոչ համակարգված։ Առողջապահության նախարարի խիստ գրգռված մեկնաբանությունները հանրայնացնելն էլ օգուտ չի տալիս, մանավանդ լրատվամիջոցները, դաշնակից չդառնալով, քննադատում են այդ մեկնաբանություններն ու անիմաստ քայլերը…
Եվ հակառակ ազդեցիկ մամուլի՝ պատվաստման քարոզչությանը չմասնակցելու, սոցիալական ցանցերում հանրահայտ են դառնում հակապատվաստումային կեղծ «գիտական» հրապարակումները։ Իսկ հայտնի փաստ է, որ սոցցանցային հասարակության մեծամասնությունը հակված է կարդալու հենց նման բացասական բաներ, չհավատալու կառավարությանը եւ առաջնորդվելու «Ֆեյսբուքը գրել է» մտայնությամբ։
Եվ այս ամենի բնական հետեւանքը պատվաստումների ցածր տոկոսն է, ընդ որում՝ ինչպես նշվել է «Ալիքի» վերոհիշյալ հոդվածում, այդպես էլ պարզ չէ, թե պատվաստվածներից քանիսն է ՀՀ քաղաքացի, քանիսը՝ արտասահմանցի։
Ավելացնելու բան չկա։
Այս իշխանությունները սովոր են թշնամիներ ման գալու ու ամեն ինչի համար մեղավոր համարելու նախկիններին, համաշխարհային դավադրությանը, հակահեղափոխականներին, ինտերվենտներին, Մինսկի խմբի համանախագահներին, իհարկե, լրատվամիջոցներին եւ նույնիսկ «մի կին ատամնատեխնիկի»։ Դրա համար էլ առաջնահերթ ավելացնում են ԱԱԾ-ի բյուջեն, որ ապահովեն սեփական անվտանգությունը։ Միայն սեփականը։ Երկրի ու բնակչության անվտանգության վրա թքած ունեն։
Հ. Գ. Թե պատվաստվածներից քանիսն է ՀՀ քաղաքացի, ես կարող եմ դատել սեփական փորձով. երբ հունիսի 2-ին Հյուսիսային պողոտայի շարժական կետում ստանում էի առաջին պատվաստումս, հերթում 15 հոգու մեջ միայն ես ու տղաս էինք ՀՀ քաղաքացի։ Երբ օգոստոսի 3-ին նույն տեղում ստանում էի երկրորդ պատվաստումը, 11 ՀՀ քաղաքացու հետ հերթի էր կանգնած մի 40-ի չափ արտասահմանցի (հիմնականում Իրանի քաղաքացիներ)։ Տոկոսները դուք հաշվեք։
Լրագրող, խմբագիր, փորձագետ, լրագրության ուսուցիչ։ Նրա կենսագրությունը սկսվել է նախորդ դարի 80-ականներին Հայաստանի Մեղրու շրջանի «Արաքս» թերթից ու շարունակվել մեդիայի կայացման խառնարանում։ Հեղինակ է պատմվածքների ու վեպերի հինգ գրքի եւ լրագրողական էթիկայի ուսումնական ձեռնարկի։