Մարդկանց բոլոր խնդիրները բխում են մեկ բանից․ նրանք չեն կարողանում հանգիստ նստել իրենց սենյակում:
Բլեզ Պասկալ
Մեզնից շատերի ամենօրյա խոսակցության մեջ կարելի է լսել՝ ժամանակը չի հերիքում: Կարծես ժամանակը քչացել է: Կար ժամանակ՝ հասցնում էինք ե՛ւ աշխատել, ե՛ւ ընկերների հետ հանդիպել, ե՛ւ սրճարաններում նստել, ե՛ւ միմյանց հյուր գնալ: Անգամ հասցնում էինք նարդի ու «կարտ» խաղալ: Հիմա գրեթե բոլորը բողոքում են, որ ժամանակ չունեն՝ ամբողջ օրը վազում, վազում ենք, բայց չենք հասցնում բոլոր գործերն ավարտին հասցնել: Անում, անում ենք, բայց մեր հոգսերը, խնդիրները չեն քչանում։ Բոլորս անընդհատ շտապում ենք, վազում ենք, անում ենք, բայց ոչ ոք արդյունքներից գոհ չէ։ Որտե՞ղ է, ուրեմն, գաղտնիքը։
Արագ ման եկողը ճամփին կմնա։
Որքան նայում եմ մեր կյանքի դժվարություններին, դրանց պատճառ եղող մեր սխալներին, այնքան ավելի եմ համոզվում, որ դրանք հիմնականում կատարվել են այն պատճառով, որ չենք կարողանում «ստոպ» ասել ինքներս մեզ, մի պահ կանգ առնել, դադար տալ, դուրս գալ իներցիաներից, սթափ վիճակում որոշում կայացնել եւ ապա միայն քայլ անել։ Թերեւս կարելի է պնդել, որ հենց այդ՝ դադար տալ չկարողանալն է եղել մեր բազմաթիվ սխալների պատճառը։
Եթե ուզում ես կռիվ անել, կես ժամ հետո՛ արա։
Յուրաքանչյուր խնդրահարույց իրավիճակ մեզնից պահանջում է քայլեր։ Որպեսզի կարողանանք նոր քայլ անել, նոր որոշում կայացնել, նախ պետք է դադար տանք, որ կանգ առնեն բոլոր հին իներցիաները։ Չէ՞ որ ակնհայտ է՝ որպեսզի կարողանանք փոխել մեր ընթացքի ուղղությունը, նախ պետք է դադարենք հին ուղղությամբ գնալուց։ Եթե էս ճամփեն, որով ես հիմա գնում եմ, չի տանում դեպի իմ ուզած տեղը, ուրեմն իմ ուզած տեղը գնալու համար նախ պետք է կանգ առնեմ, տեսնեմ՝ ուր եմ հասել, որոշեմ իմ գնալու ուղղությունը, շրջվեմ եւ գնամ այդ նոր ուղղությամբ։
Ըստ այդմ՝ գիտակցված գործելու առաջին քայլը կանգ առնելն է։ Յուրաքանչյուրս պետք է սովորի ինքն իրեն «ստոպ» ասել եւ կանգ առնել։ Հակառակ դեպքում նորն այնքան էլ նոր չի լինում, այնտեղ մնում են հին ընթացքի մնացորդները։ Որքան էլ պարադոքսալ թվա, որեւէ բան կարողանալ անելու համար պետք է սովորել կարողանալ չանել։ Հետեւաբար որեւէ նոր բան անելու սկիզբը դադար տալն է։
Ճանապարհ գնալուց առաջ մի պահ նստելը հենց այդ դադարն է, որ նպաստելու է ողջ ընթացքին։ Դադարի ընթացքում մենք կարողանում ենք գտնել այն ներքին վիճակը, դիրքորոշումը, որն ապահովում է լավագույն սկիզբը, որ ուղեկցելու է մեզ ճանապարհի ողջ ընթացքում։ Հայտնի է՝ «Լավ սկիզբը գործի կեսն է»։ Հենց այդ լավ սկիզբը դնելու համար է մեզ պետք դադարը։ Այդ դադարը մեզ օգնում է գտնելու լավագույն ռիթմը, երբ ո՛չ շտապում ենք, ո՛չ էլ դանդաղում։
Շտապող բազեն որս չի անի։
Այս դադարը անհրաժեշտ է մեզ մեր բոլոր գործերում։ Օրինակ՝ եթե զրույցի ժամանակ անվերջ ասում, ասում ես ու դադար չես տալիս, մարդիկ ուզած-չուզած փակվում են, որ չլսեն։ Եվ զրույցը չի ստացվում։ Այսպես էլ, եթե մեկից մի բան ես խնդրում, ասա՛ խնդրանքդ ու դադա՛ր տուր, հանդարտ սպասի՛ր, թե ինչ կասի։ Եթե շարունակ ասում ես՝ «տո՛ւր, տո՛ւր, տո՛ւր․․․», բնականաբար հոգնեցնում ես քո պարտադրանքով եւ ավելի հավանական ես դարձնում մերժումը։
Նաեւ, եթե անընդհատ վռազում ես, դա վկայում է այն մասին, որ չես հավատում, թե հասցնելու ես։ Հենց այդ կասկածն էլ խանգարելու է, որ գործդ հասցնես ավարտին։ Եթե նկատել եք, վստահ մարդը կարող է արագ գործել, բայց նա չի շտապում։
Դադար տալը տիեզերական օրենք է: Այն գործում է ամենուրեք։ Տեսե՛ք, խոսքի մեջ ամեն բառից առաջ եւ հետո լռություն է։ Անգամ ամեն վանկից առաջ եւ հետո է լռություն: Նկատենք թե ոչ, մենք խոսում ենք վանկերով: Եթե չլինեն բառամիջյան այդ դադարները, մենք չենք հասկանա միմյանց։ Նայենք մեր շնչառությանը։ Ամեն ներշնչումից եւ արտաշնչումից հետո դադար կա։ Եթե այդ դադարը չլինի, ներշնչմանը չի հաջորդի արտաշնչումը։ Ամենուրեք այդպես է, անգամ լույսն է բաժանված խավարից, անկախ այն բանից՝ նկատո՞ւմ ենք, թե՞ ոչ:
Արթուն լինելու, գիտակցված քայլեր անելու համար դադար տալն առավել կարեւոր է: Դադարի ժամանակ է, որ հնարավոր է լինում դուրս գալ իներցիաներից եւ տեսնել, գիտակցել, թե ուր ենք հասել։ Ավելին՝ քանի դեռ կանգ չեն առել հին շարժումները, չեն մարել իներցիաները, նորը չենք արարի։ Ստեղծագործելու համար մենք պետք է սովորենք հանգիստ նստել։ Ագամբենը պնդում է, որ փիլիսոփայությունը ծնվում է ձանձրույթից։ Թերեւս հենց այդ առումով է ասված՝ «Երանի հոգով աղքատներին»։
-Ի՞նչ է տեղի ունենում ցանկացած ստեղծագործական գործընթացի սկզբում:
-Ոչինչ… Ստեղծագործելը ընդամենը պահանջում է, որ մենք տարածք ստեղծենք եւ սպասենք, որ ինչ-որ բան ի հայտ գա:
«Ստոպ» ասելն ու դադար տալը հենց այդ՝ ինչ-որ բանի ի հայտ գալու սպասումն է:
Եթե գործերդ շատ-շատ են, խառնվել են իրար, եւ չես հասցնում ամեն ինչ անել, ապա մի պահ կա՛նգ առ, ասա՛ «ստոպ», եւ թող կանգ առնեն բոլոր ներքին իներցիաները։ Դո՛ւրս արի «դադարի» զբոսանքի։ Ուղղակի քայլի՛ր եւ ոչ մի բանի մասին մի՛ մտածիր։ Ավելի ճիշտ՝ մտածի՛ր ինչի մասին պատահի։ Քայլում ես եւ հայացքդ գիտակցաբար անընդհատ տեղափոխում ես տարբեր բաների վրա։ Նայում ես էս ծառին, երկնքին, էն մարդուն, որ անցավ, փողոցին, էն մեքենային, էն փոքրիկին, որ կանչում է հայրիկին։ Ու այդպես անցնում ես մեկից մյուսին։ Ու երբ հայացքդ քո կամքով քո ուշադրության հետ անցնում է մեկից մյուսին, խաղաղվում ես, նախկին իներցիաները մարում են։ Ու այդ ժամանակ հայտնվում են լավագույն լուծումները:
Նման զբոսանքից հետո դու կարող ես քեզ եւ քո գործերը կողքից տեսնել, նոր հայացքով եւ առավել ամբողջական։ Վերադարձի՛ր աշխատասենյակ, նստի՛ր եւ գրի՛ր քո առաջիկա ամենապարզ մի քանի քայլերը եւ սկսի՛ր անել։
Մի՛ սպասեք խառը վիճակների, որ կիրառեք գիտակցված դադարը: Սկսե՛ք վարժվել առաջին իսկ պատահած առիթով աշխատավայրում, ընտանիքում, ընկերների հետ: Տվե՛ք որեւէ պարզ հարց, օրինակ՝ «Ո՞նց անցկացրիք երեկոն», եւ հանդարտ սպասե՛ք: Օրվա ընթացքում ստեղծե՛ք դադարի տարածքներ՝ ուղղակի մի պահ կա՛նգ առեք, հիշե՛ք ինքներդ Ձեզ եւ երեք անգամ ներշնչե՛ք, արտաշնչե՛ք։
Դադար տալու ունակությունը Ձեզ պետք կգա բազմաթիվ իրավիճակներում:
Եկեք պարզապես լռություն ստեղծենք՝
մենք չափազանց շատ ենք սիրում մեր ճառերը,
Չէ՞ որ հենց դրանց պատճառով է, որ չեն լսվում
ձեր ընկերները մտերմիկ այս հանդիպման ընթացքում,
Եկեք պարզապես լռություն ստեղծենք:
լսել՝ Մաշինա Վրեմենի — Երգ դադարի մասին
Մաթեմատիկոս, տեխնիկական գիտությունների թեկնածու։ Աշխատում է ՏՏ ոլորտում ծրագրավորող։ Հետաքրքրությունների շրջանակը՝ մարդ, հոգեւոր գիտելիք, հոգեբանություն, փիլիսոփայություն։