Ըստ Գերմանիայի Ռոբերտ Կոխի ինստիտուտի հրապարակած տվյալների՝ երկրում կորոնավիրուսով վարակման հաստատված նոր դեպքերի թիվը մեկ օրում աճել է 37 120-ով, ինչը առավելագույնն է համավարակի ամբողջ ժամանակամիջոցում:
Մյուս հակառեկորդն արձանագրվել է նախօրեին, երբ մեկ օրում հայտնաբերվել է վարակման 33 949 դեպք:
Համավարակի սկզբից Գերմանիայում հիվանդացել է 4, 7 միլիոն մարդ, հիվանդության հետեւանքներից մահացել է 96346 մարդ: Վարակի տարածման յոթօրյա ինդեքսը (շաբաթվա ընթացքում վարակումների թիվը 100 հազար բնակչի հաշվով) 169,9 է, նախորդ շաբաթ՝130,2:
ԳԴՀ-ի առողջապահության նախարար Ենս Շպանը ավելի վաղ հայտարարել էր, որ Գերմանիայում ծայր առած համավարակի չորրորդ ալիքը ամենից առաջ «չպատվաստվածների համավարակն է»: Շպանը գանգատվել է բուստերային պատվաստման անբավարար տեմպերից: Նա հայտնել է, որ առայժմ սոսկ 2 միլիոն մարդ է Գերմանիայում բուստերային պատվաստում ստացել: Ըստ որում՝ ԳԴՀ-ում (83 միլիոնից փոքր-ինչ ավելի բնակչությամբ) 12 տարեկանից բարձր 16,2 միլիոն մարդ բնավ պատվաստված չէ: