Ըստ ամերիկյան Axios կայքի՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային 650 միլիոն դոլար գումարի զենք վաճառելու գործարքին:
2018-ի վերջին ԱՄՆ Սենատը հավանություն էր տվել Եմենի ռազմական հակամարտությունում Սաուդյան Արաբիային ցուցաբերվող աջակցությունը դադարեցնելու եւ Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մոհամեդ բեն Սալամանին լրագրող Ջամալ Հաշքաջիի սպանության համար պատասխանատվության վերաբերյալ բանաձեւին:
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը վետո էր դրել բանաձեւին եւ շարունակել զենք վաճառել Սաուդյան Արաբիային նույնիսկ այն բանից հետո, երբ հայտնի էր դարձել Հաշքաջիի սպանությանը գահաժառանգ արքայազնի մասնակցության մասին:
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը փետրվարին նշել էր, որ Բայդենը ակնարկել է, որ Սաուդյան Արաբիայի հետ համագործակցությունը պետք է արտահայտի ամերիկյան արժեքները:
Բլինքենը հավելել է, որ Վաշինգտոնը հայտարարել է «Սաուդյան Արաբիայի կողմից արտերկրյա սպառնալիքներին եւ ակտիվիստների, այլախոհների եւ լրագրողների վրա հարձակումներին վերջ դնելու» անհրաժեշտության մասին, եւ որ ԱՄՆ-ը չի հանդուրժի դա:
Էր Ռիադը՝ կարեւոր դաշնակից տարածաշրջանում
Բայդենը պաշտոնապես դադարեցրեց Եմենում Սաուդյան Արաբիայի հարձակումներին ցուցաբերվող աջակցությունը: Դրա հետ մեկտեղ Վաշինգտոնը շարունակում է Էր Ռիադը դիտարկել որպես տարածաշրջանում կարեւոր դաշնակից:
Եմենում դիմակայությունը կառավարական ուժերի ու հուսիթների միջեւ շարունակվում է 2014-ի օգոստոսից: Այն առավել ակտիվ փուլ է անցել 2015-ի մարտին արաբական կոալիցիայի ներխուժումից հետո:
Արաբական կոալիցիան Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ աջակցում է Եմենի նախագահ Աբադ Ռաբբո Մանսուր Հադիի զորքերին՝ դիմակայելու երկրի մի մասը վերահսկող հուսիթ ապստամբներին: Արեմուտքում հայտարարում են, որ խռովարարներին օգնում է Իրանը: