2020 թվականին քրեական ենթամշակույթը քրեականացնող օրենքի ընդունումից հետո ՀՀ իրավապահ համակարգում արդեն իսկ հարուցվել են գործեր, որոնցով մեղադրանքներ են առաջադրվել քրեական աշխարհի հեղինակությունների: Ավելին՝ այդ գործերից մեկով քրեական հեղինակությունները հասցրել են դիմել Սահմանադրական դատարան՝ վիճարկելու Քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածն իր մի քանի կետերով, որոնք քրեականացնում են այդ ենթամշակույթն ու պատժամիջոցներ են սահմանում դա կրող անձանց նկատմամբ:
Ազգային ժողովում այդ օրենքի ընդունման ժամանակ արդարադատության նախկին նախարար Ռուստամ Բադասյանը հայտարարեց, թե իրավապահ մարմիններն ունեն օպերատիվ տեղեկություններ հանրապետությունում եւ քրեակատարողական հիմնարկներում առկա, այսպես կոչված, օրենքով գողերի քանակի ու նրանց ազդեցության տակ գտնվող անձանց հնարավոր շրջանակների մասին: «Եթե գործերի քննությունը հաջողությամբ ընթանա, եւ մենք կարողանանք այս համակարգի վերջը դնել, կարծում եմ, ակնհայտ է փոփոխությունների անմիջական դրական ազդեցությունը հանրային կյանքի, հանցագործության տեսակների նվազման վրա, ընտրական պրոցեսներում ավելորդ խոչընդոտներից խուսափելու համար»,- հայտարարել էր նախկին նախարարը:
Դժվար է ասել, թե այս կարճ ժամանակում իշխանությունների այդ ակնկալիքները որքան են արդարացվել, բայց քրեական գործեր հարուցվում են: Միաժամանակ իրենց «իրավունքների» սահմանափակման նկատմամբ անտարբեր չեն քրեական աշխարհում, նրանք պայքարում են, փաստաբաններ են վարձել ու հասել մինչեւ բարձրագույն դատարան:
Այսպես` կոնկրետ ՍԴ հասած գործով անցնում են քրեական ենթամշակույթը կրող չորս անձինք: Datalex.am կայքում առկա նյութերից հասկանալի է դառնում, որ նրանց պարագլուխը Ալեքսանդր Մակարյանն է, որը քրեական աշխարհում հայտնի է «Ալո Շահումյանսկի» կամ պարզապես «Ալո» մականվամբ: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել ՔՕ 223.2-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով` այն արարքի համար, որ «1991-ին քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող «Կնդո Մայիս Երեւանսկի» մականվամբ Մաելս Մկրտչյանի, Վարդգես Ասլանյանի, «Խոյ» մականվամբ Ռաֆիկ Խոյեցյանի եւ «Մկան» մականվամբ Ռաֆայել Փիլոյանի կողմից «թագադրվել» եւ ստացել է «օրենքով գողի»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ» իր բոլոր հնարավորություններով ու հետեւանքներով:
Եվ օգտվելով քրեական աշխարհում ընձեռված հնարավորություններից` «Ալոն» կամ Ալ. Մակարյանը արդեն սկսել է հարցեր լուծել: Օրինակ՝ այս գործում նշվում է, որ նրան է դիմել ոմն «Մարինի» եւ խնդրել օգնել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Մնացական Եղոյանից հետ ստանալ պարտք տված 900 դոլարը: Մակարյանն իր մտերիմ «Տիզ» մականվամբ հայտնի Արթուր Սեդրակյանին հանձնարարել է այդ գումարը վերադարձնելու պահանջը փոխանցել «Արմավիրում» պահվող մեկ այլ «քրեական հեղինակության»՝ նորից քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող, այսպես կոչված, «զոն նայող» Սմբատ Ավդալյանին: Վերջինս այդ գործընթացին մասնակից է դարձրել նույն կալանավայրում պահվող «Անդուլիկ» մականվամբ Անդրանիկ Ներսիսյանին: Եվ ահա այս բոլոր հեղինակությունները միասին Եղոյանից պահանջել են վերադարձնել 900 դոլարը:
900 դոլարի ճակատագիրը հայտնի չէ, բայց քրեական աշխարհի այդ չորս հեղինակությունները մեղադրվում են ՔՕ 223-րդ հոդվածի տարբեր մասերով: Մակարյանը մեղադրվում է քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու կամ ղեկավարելու եւ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունենալու համար, Սեդրակյանը՝ քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու, Ավդալյանը՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունենալու եւ իր այդ ազդեցությունը կալանավայրում դրսեւորելու համար: Իսկ Ներսիսյանը` որ մասնակից է եղել գումարը հետ ստանալու գործընթացին եւ դա արել է կալանավայրում:
Դատավորը չի՞ ցանկացել միայնակ կրել բեռը
Գործը քննվում է Ընդհանուր իրավասության դատարանում, դատավորն էլ Դավիթ Հարությունյանն է՝ Սերժ Սարգսյանի մտերիմ` ՊՊԾ նախկին ղեկավար Հրաչյա Հարությունյանի որդին:
Հարությունյանի որոշումներով Ավդալյանից բացի մյուս երեք ամբաստանյալներն այսօր ազատության մեջ են: Դատախազությունն անցած տարի դատարանից պահանջել էր կալանավորել Մակարյանին, Սեդրակյանին եւ Ներսիսյանին, եւ նրանք նախ ձերբակալվել են, բայց դատավորը մերժել է եւ այս երեք հեղինակությունների համար խափանման միջոց է ընտրել չբացակայելու ստորագրությունը:
Իսկ երեք ամիս առաջ`օգոստոսի 2-ին, դատավորը ամբաստանյալների պաշտպանների միջնորդությամբ կասեցրել է գործի քննությունն ու դիմել ՍԴ` առաջարկելով պարզել, թե Սահմանադրությանը համապատասխանո՞ւմ են քրեական ենթամշակույթը քրեականացնող` 223-րդ հոդվածի այն բոլոր կետերը, որոնցով մեղադրվում են այս ամբաստանյալները:
Այս չորսի հինգ պաշտպանները դատարանին միջնորդել էին ՍԴ դիմել այն պատճառաբանությամբ, որ վերը նշված հոդվածներում սահմանված «քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձ» եւ «քրեական ենթամշակույթ կրող խմբավորման» հասկացություններն անորոշ են: Որ օրենքը չի հստակեցնում, թե քանի անձից պետք է բաղկացած լինի քրեական ենթամշակույթ կրող խմբավորումը: Որ տվյալ դեպքում քրեականացվել եւ պատժվելու է ոչ թե անձի արարքը, այլ անձը բնութագրող հանգամանքը: «Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ պահպանելը որեւէ գործողություն չի ենթադրում, քանի որ քննարկվող իրավակարգավորումներից հնարավոր չէ հետեւության գալ, թե օբյեկտիվ իրականությունում վերջինս կոնկրետ ինչ դրսեւորում ունի»,- նշված է միջնորդության մեջ:
«ՍԴ դիմելու իմաստն այն է, որ չկա որեւէ մեկնաբանություն, թե ինչ է նշանակում քրեական ենթամշակույթի կրող, ինչպիսի անձն է, գազա՞նն է, պոզերո՞վ է, հայհոյա՞նք է տալիս: Մենք ոչ թե ուզում ենք խրախուսել քրեական ենթամշակույթը կամ համաձայն չենք, որ պետությունը դրա դեմ պաքարի, մենք ասում ենք՝ այդ պայքարի եղանակը պիտի որոշակի լինի, որ մարդը կարողանա իր վարքագիծը համապատասխանեցնել ընդունված օրենքներին: Օրինակ՝ այդ որտե՞ղ է գրված, որ իմ պաշտպանյալը քրեական ենթամշակույթի բարձրագույն աստիճանակարգ է կրում: Վարույթ իրականացնող մարմինը գտել է ինչ-որ ժամանցային կայք եւ ասում է՝ այնտեղ է նկարագրված: Նույն հաջողությամբ ինչ-որ տեղ գրված է, որ Հիտլերը կենդանի է, կամ այս պաշտոնյան կաշառակեր է: Հավատա՞նք»,- «Ալիք Մեդիայի» հետ զրույցում ասում է գլխավոր ամբաստանյալ Ալեքսանդր Մակարյանի երկու պաշտպաններից մեկը՝ Հունան Բաբայանը:
Հարցին, թե պաշտպանը հերքո՞ւմ է, որ Մակարյանը` «Ալո Շահումյանսկին», քրեական աշխարհում բարձրագույն աստիճանակարգ ունի, կամ Մակարյանն ինքը հերքո՞ւմ է, որ «օրենքով գող» է, Բաբայանը խուսափեց կոնկրետ պատասխանելուց. «Մենք չենք ընկել ինչ-որ բան հերքելու հետեւից, այդ հարցերն այս պահին քննարկման ենթակա չեն: Մենք չենք քննարկում՝ մե՞նք ենք դրա կրողը, թե՞ ոչ: Խնդիրն ավելի մեծ է, քան իմ պաշտպանյալը կամ նրա ենթադրյալ կարգավիճակը: Դատարանի մտահոգությունն էլ է դա եղել»:
Փաստորեն դատավորը համաձայնել է պաշտպանների հետ, թե «քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձ» եւ «քրեական ենթամշակույթ կրող խմբավորման» հասկացություններն անորոշ են եւ գործը կասեցրել ու դիմել է ՍԴ: ՍԴ-ն, սակայն, անցած շաբաթ մերժել է գործի քննությունը` պատճառաբանելով, թե դա այն հարցը չէ, որ իր մեկնաբանության կարիքը լինի, եւ դատարանն ինքնուրույն էլ կարող է գլուխ հանել:
«Օրենսդիր մարմինը չի լուծում հարցը, այս գործերով չկա իրավակիրառ պրակտիկա, ստացվում է՝ ոչ մեկը չի լուծում, եւ ամբողջ բեռը մնում է դատարանի վրա»,- դժգոհեց Բաբայանը:
Իսկ միգուցե դատարա՞նն է ցանկացել քրեական հեղինակությունների հետ վեճը լուծելու բեռն իր վրա չվերցնել եւ այն գցել ՍԴ-ի վրա: «Նա բնավ այն դատավորը չէ, որ ինչ-որ բան փորձի իր վրայից գցել, նա շատ իրավացիորեն անորոշությունը մեկնաբանելու, վերացնելու փորձ է արել: ՍԴ-ն նաեւ իրավունք ունի օրենսդիր մարմնին պարտավորեցնելու օրենսդրական փոփոխություն: Ավելի շուտ ՍԴ-ն, հասկանալով խնդրի գլխացավանքը, իմ կարծիքով, փորձել է խնդրին չկպչել»,- չհամաձայնեց պաշտպանը:
Քիչ չեն եղել հրապարակումները, թե իրավապահ համակարգի ներկայացուցիչները կամ նախկին պաշտոնյաները կապեր ունեն քրեական հեղինակությունների հետ: Եվ գուցե գործը քննող դատավո՞րն էլ զերծ չէ այդ գայթակղությունից: Բայց ՍԴ-ի այս որոշման արդյունքում Հարությունյանը ստիպված է լինելու շարունակել գործի քննությունը, իսկ պաշտպաններն ասում են, թե վճռական են՝ պաշտպանելու չորս ամբաստանյալներին ինչպես առաջին ատյանում, այդպես էլ Վերաքննիչ եւ Վճռաբեկ դատարաններում: «Արդեն ոչինչ չունենք անելու, քան դատարանում արդարացման հասնելը»,- ասում է Ներսիսյանի պաշտպան Վարդուհի Էլբակյանը։
Համեմատել Քոչարյանի դիմումի հետ
Այս գործում կա եւս մի աչքի ընկնող դրվագ` դատարանը, նույնն է, թե դատավոր Հարությունյանը ՍԴ դիմելու իր մեկնաբանություններում հետաքրքիր համեմատություն է անում` հղում է տալիս 2019 թվականի հունվարի 25-ին Ռոբերտ Քոչարյանի դիմումի վերաբերյալ ՍԴ-ի որոշմանը: Նախկին նախագահը դիմել էր բարձրագույն դատարան՝ քննելու Քրեական դատավարության օրենսգրքի մի հոդվածի` Սահմանադրությանը համապատասխան լինել-չլինելու հարցը: ՍԴ-ն այն ժամանակ Հրայր Թովմասյանի նախագահությամբ մերժել էր քննել այս դիմումը՝ ասելով նույնը` դատարանն ինքը կարող է մեկնաբանել այդ հոդվածը:
Բաբայանը չցանկացավ այդ համեմատության մեջ քաղաքական հետք գտնել, ասաց` Քոչարյանի դիմումին ու դրա վերաբերյալ ՍԴ որոշմանը միգուցե հղում է արվել այն պատճառով, որ դա եղել է նման վերջին որոշումը: «Չգիտեմ, մենք մեր միջնորդության մեջ նման համեմատություն չենք արել, դատարանն է արել: Դատարանը հավանաբար նկատի է ունեցել որպես վերջին իրավական զարգացում: Այնպես չէ, որ ՍԴ-ն նման դեպքերի շատ է անդրադարձել»,- եզրափակեց պաշտպանը:
Լրագրող եմ, գրում եմ քաղաքականության եւ տնտեսության մասին։ Սիրում եմ, երբ այդ երկուսը միախառնված են, եւ հնարավոր չի լինում հասկանալ՝ քաղաքական շահե՞րն են որոշում տնտեսական զարգացումները, թե՞ տնտեսական շահերն են որոշում քաղաքական զարգացումները։