Ուկրաինայի խորհրդարանը քրեականացրել է կեղծ Քովիդ-19 պատվաստանյութերի վկայականների օգտագործումն ու արտադրությունը՝ սահմանելով մինչեւ երեք տարվա ազատազրկում կամ մոտ 6460 դոլարի տուգանք:
Մի քանի հարյուր ցուցարարներ չորեքշաբթի՝ նոյեմբերի 3-ին, Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւի կենտրոնում արգելափակել էին երթեւեկությունը՝ ի նշան բողոքի կորոնավիրուսի սահմանափակումների եւ պարտադիր պատվաստումների դեմ՝ «Ո՛չ ՔՈՎԻԴ անձնագրերին», «Պաշտպանե՛նք մեր երեխաներին» եւ «Ո՛չ ՔՈՎԻԴ ցեղասպանությանը» պաստառներով:
«Հավատացեք՝ այս հակապատվաստումային տրամադրությունները արագորեն վերանում են վերակենդանացման բաժանմունքներում, իսկ կեղծ վկայականներն այնտեղ չեն գործում»,- ասել է Ուկրաինայի առողջապահության նախարար Վիկտոր Լյաշկոն հեռուստատեսային ասուլիսի ընթացքում։
Ուկրաինան այս տարի հետ է մնացել եվրոպական մյուս երկրներից կորոնավիրուսի դեմ պատվաստանյութեր ձեռք բերելու հարցում եւ այժմ պայքարում է թերահավատ հասարակության դեմ, որպեսզի պատվաստվեն:
Համավարակին դիմակայելու համար կառավարությունը ներկայացրել է նոր սահմանափակումներ։ Ուկրաինան վերջին շաբաթներին գրանցել է կորոնավիրուսի նոր դեպքերի եւ մահերի հակառեկորդային բարձր ցուցանիշներ, իսկ վարակվածների ընդհանուր թիվը հասել է գրեթե 3 միլիոնի՝ ավելի քան 69 հազար մահվան դեպքերով։
Պատվաստումները պարտադիր են դարձել պետական որոշ աշխատողների համար, իսկ «կարմիր» գոտու տարածքներում, որը ներառում է նաեւ Կիեւը, ռեստորաններից, մարզասրահներից եւ հասարակական տրանսպորտից կարող են օգտվել միայն պատվաստված կամ կորոնավիրուսի բացասական թեստ ունեցողները: