Մինչ Գյումրու ամենաբանուկ փողոցներում դեռեւս մեծադիր պաստառները հավաստում են, որ շնորհիվ «Քաղաքացիական պայմանագրի»՝ ի դեմս Հովհաննես Հարությունյանի, Գյումրիում ապագա կա, Շիրակի մարզպետարանում հրաժեշտ տվեցին արդեն նախկին մարզպետին։ 2018 թվականից ի վեր Շիրակում Հարությունյանն արդեն չորրորդ մարզպետն է։
«Իմ դիմումի համաձայն՝ կառավարության որոշմամբ ազատվել եմ Շիրակի մարզպետի պաշտոնից»,- լրագրողներին հայտնեց Հարությունյանն ու չմոռացավ հատուկ շնորհակալություն հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ իր հանդեպ ունեցած բարձր վստահության համար։ Ասաց՝ հպարտ է նման պատվաբեր պաշտոն զբաղեցնելու համար։
Հարցին, թե ինչու հրաժարական տվեց, արդեն նախկին մարզպետն ասաց․«Այն պահից, երբ որոշվեց, որ ես պետք է գլխավորեմ ՔՊ ավագանու ցուցակը, պարզ էր, որ անկախ ընտրությունների ելքից` ես այլեւս չեմ զբաղեցնելու Շիրակի մարզպետի պաշտոնը։ Այն, ինչ այսօր տեղի ունեցավ, այդ որոշման տրամաբանական շարունակությունն է»։
Թե ինչ պաշտոն է զբաղեցնելու Հովհաննես Հարությունյանը, դեռ պարզ չէ, քաղաքական ղեկավարությունը հարցը քննարկում է։
Նոր մարզպետը պաշտոնապես դեռ նշանակված չէ, սակայն արդեն հայտնի է, որ հաջորդը ՔՊ խմբակցության նախկին պատգամավոր Նազելի Բաղդասարյանն է, ով արդեն հրաժարվել է մանդատից։
Հնարավո՞ր է, որ իշխանական թեկնածուին հրաժարականը պարտադրվել է ՔՊ-ի՝ Գյումրիում ընտրությունների ձախողման պատճառով, Հովհաննես Հարությունյանը հերքում է։ Ասում է՝ ՔՊ-ն չի ձախողել, պարզապես ՀՀ քաղաքացու քվեն է կարեւորում։ Եթե գյումրեցին որոշել է իր քվեն ուրիշին տալ, ուրեմն այդպես է ուզել։
Եթե գյումրեցին ցանկանար, նույն օրը Գյումրու քաղաքապետարանում ոչ թե Վարդգես Սամսոնյանը, այլ Հովհաննես Հարությունյանը կստանձներ Գյումրու քաղաքապետի պաշտոնը։
Հայաստանի ու Գյումրու օրհներգերի հնչյունների ներքո «Բալասանյան դաշինք սոցիալական կուսակցության» առաջին համարը՝ Վարդգես Սամսոնյանը, մարզպետի հրաժարականի օրը ստացավ քաղաքի խորհրդանշական բանալին ու լանջաշղթան։ Ձեռքն Աստվածաշնչին ու Սահմանադրությանը՝ Գյումրու նորընտիր քաղաքապետը երդվեց ծառայել համայնքի բարգավաճմանը, գործել ի բարօրություն նրա բնակիչների. «Պարտավորվում եմ պաշտպանել քաղաքի իրավունքները, օրինական շահերը եւ սեփականությունը»։
Հիշեցնենք, որ մինչ Գյումրիում տեղի կունենար ՏԻՄ ընտրությունները, ՔՊ-ի քաղաքական թիմը հասցրել էր աշխատանքից ազատել քաղաքապետարանի մի շարք երկարամյա աշխատողների, դռներից պոկել ցուցանակները։
Նորընտիր քաղաքապետն ասաց, որ աշխատանքից ազատված աշխատակիցներին վերադարձնելու է իրենց պաշտոններին։
«Իրենք բարեխիղճ ու լավ աշխատողներ են եղել, իրենց պարտականությունները գերազանց կատարել են, պետք է գան եւ շարունակեն իրենց աշխատանքը»,- վստահեցրեց Վարդգես Սամսոնյանը։
«Բալասանյան դաշինքի եւ «Քաղաքացիական պայմանագրի» ստորագրած համաձայնագրով՝ իշխող կուսակցությունից ովքեր են լինելու փոխքաղաքապետներ, այդպես էլ գաղտնիք մնաց։ Ո՛չ Վարդգես Սամսոնյանը, ո՛չ էլ Հովհաննես Հարությունյանը անուններ չտվեցին։
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։