Սեւծովյան տնտեսական համագործակցությունում (ՍԾՏՀ) Հայաստանի մշտական ներկայացուցչությունը (Ստամբուլ) պատրաստվում է նշելու այդ կազմակերպությունում Հայաստանի ներկայացուցչության 20-ամյակը:
«Ալիք Մեդիա»-ն Ստամբուլի իր աղբյուրներից տեղեկացավ, որ Սեւծովյան տնտեսական համագործակցությունում Հայաստանի մշտական ներկայացուցչության աշխատակիցները համայնքային գլխավոր կազմակերպություններին արդեն տեղեկացրել են սպասվող միջոցառման մասին, առաջիկայում կներկայացվեն մանրամասները:
1992-ի հունիսի 25-ին Ստամբուլում հրավիրված գագաթնաժողովում Սեւծովյան տարածաշրջանի 11 երկրների, այդ թվում՝ Հայաստանի ղեկավարները հռչակագիր ստորագրեցին Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության հիմնադրման մասին: Կազմակերպության նպատակն է տնտեսական համագործակցության միջոցով ամրապնդելու Սեւծովյան տարածաշրջանում կայունությունը եւ այն վերածելու բարգավաճման գոտու:
ՍԾՏՀ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչությունը գործում է 2001 թվականի օգոստոսից: Այժմ մեր երկրի մշտական ներկայացուցիչը Ստամբուլում տեղակայված կազմակերպությունում Սահակ Սարգսյանն Է:
Տարբեր տարիների Հայաստանի ներկայացուցիչներ են եղել նաեւ Արսեն Ավագյանը (երկու անգամ), Կարեն Միրզոյանը, Միքայել Վարդանյանը:
Այժմ Հայաստանը կազմակերպությունում ստանձնել է էներգետիկայի աշխատանքային խմբի երկամյա համակարգումը։