ՀՀ-ում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբը հոկտեմբերին ստացել եւ մուտքագրել է 304 դիմում, որից ֆինանսական օգնության համար՝ 139, բնակվարձի փոխհատուցման համար՝ 138, Արցախ տեղափոխվելու համար՝ 15, կացարանով ապահովելու համար՝ 4, մեծահասակներին տակդիր տրամադրելու համար՝ 6, էլեկտրական սայլակ տրամադրելու համար՝ 1 եւ ուսման վարձի համար՝ 1 դիմում։
Օպերատիվ շտաբի պետ Միքայել Վիրաբյանի ղեկավարությամբ դիմումներն ուսումնասիրվել եւ քննարկվել են, դրանց ընթացք եւ համապատասխան լուծումներ են տրվել, բացառությամբ բնակվարձի փոխհատուցման։ ԱՀ կառավարության օպերատիվ շտաբում բնակվարձի վճարման համար երբեւիցե ծրագիր չի գործել ու չի գործում։ Մինչ այժմ նման հարցերը կարգավորվում էին Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված սոցիալական աջակցության ծրագրերով։
ՀՀ կառավարությունը գործարկել է սոցիալական նոր ծրագիր, եւ աջակցության ծրագրից օգտվելու համար արդեն 50 ընտանիք (շուրջ 150 մարդ) շտաբի աշխատակիցների օգնությամբ լրացրել է առցանց դիմումները։